Մյունխենյան պանելն արդյունավետ կլիներ, եթե կողմերը ներկայացնեին և կենտրոնանային հակամարտության ապագայի վրա. Լուկիանով
«Նման մակարդակի հանրային քննարկումները կարող են արդյունավետ լինել Արցախյան հիմնահարցի կարգավորման ավարտական փուլերում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հանրային դեբատին:
Հարցին, թե այդ քննարկումն ի՞նչ օգուտ տվեց հակամարտող կողմերին, ռուս քաղաքագետը պատասխանեց, որ հանրային քննարկմանը ներկա պաշտոնյաներից շատերի համար այն, ինչ հնչեց Մյունխենում այս թեմայով, ամենայն հավանականությամբ, նորություն էր, այսինքն՝ այդ հարթակի շրջանակում այդ քննարկումն ինֆորմատիվ նշանակություն ունեցավ: Նրա խոսքով՝ կողմերը կարող էին այդ հարթակն ավելի արդյունավետ օգտագործել՝ չկենտրոնանալով միմյանց ներկայացրած փաստարկները հերքելու վրա:
«Ինչ տվեց հակամարտությանը և հասարակություններին՝ կդժվարանամ նշել, քանի որ չհնչեցին այնպիսի մեկնաբանություններ, մոտեցումներ, որոնք առանցքային նշանակություն կարող են ունենալ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի համար: Ավանդույթի համաձայն՝ ինչպես պաշտոնական հայտարարություններում կողմերը փորձեցին միմյանց համոզմունքները հերքել, փոփոխել միմյանց փաստարկները, ինչը ցույց է տալիս, որ կողմերը դեռ պատրաստ չեն կարգավորման՝ անկախ այն հանգամանքից, որ բանակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հովանու ներքո:
Կարծում եմ՝ հանդիպումն էականորեն արդյունավետ կլիներ, եթե կողմերը ներկայացնեին և կենտրոնանային հակամարտության ապագայի վրա, ակտիվ խոսակցություն ծավալեին լսարանի հետ, սակայն դա նաև կազմակերպիչների պատասխանատվության տիրույթում գտնվող հարց է, և սա բավականին անսովոր ձևաչափ էր, անկանխատեսելի: Կարելի էր պատկերացնել, որ դա հենց նշածս քննարկմանը նման քննարկում պետք է լիներ, սակայն, հաշվի առնելով հակամարտության առանձնահատկությունը, կողմերի դիրքորոշումը, այն ստացվեց այնպիսին, ինչպիսին երևաց հանրությանը: Սա ցույց է տալիս, որ շատերն աշխարհում չեն պատկերացնում, թե սա ինչպիսի հակամարտություն է, ինչու չի կարգավորվում, ինչ խնդիրներ կան, կողմերն ինչպես են տրամադրված միմյանց հանդեպ, այլապես այն խնդիրները, որոնք ծագեցին, գուցե չեզոքացված լինեին նախապես: Իսկ այս տեսքով քննարկումը պարզապես կողմերի դիրքորոշումների հանրային ներկայացում էր ևս մեկ անգամ»,- ասաց Լուկիանովը:
Անդրադառնալով քննարկման եզրափակիչ հատվածում ռուսական առաջարկների մասին մեկնաբանություններին՝ Լուկիանովն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնապես բազմիցս հերքել է: «Չկան նման պլաններ: Գուցե կան միացյալ առաջարկներ, որոնք բոլոր միջնորդների համաձայնությամբ առաջ է մղում Ռուսաստանը, որը, սակայն, Ռուսաստանի անհատական և մյուս միջնորդներից անկախ նախաձեռնությունը չէ, ուստի Ռուսաստանին առանձնացնելն այս ամենում ճիշտ չեմ համարում»,- ընդգծեց վերլուծաբանը: