
Աշրաֆ Ղանին պաշտոնապես հաղթող է հայտարարվել Աֆղանստանի նախագահի ընտրություններում

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին հայտնել է Ariana News աֆղանական հեռուստաալիքը, որը հեռարձակել է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի (ԱԸՀ) նախագահ Խավա Ալամ Նուրիստանիի մամուլի ասուլիսը։
Ինչպես հայտարարել է ԱԸՀ-ի ղեկավարը, «երկրի նախագահի ընտրություններում, որոնք կայացել են 2019 թվականի սեպտեմբերին, ձայների հաշվման վերջնական արդյունքները վկայում են, որ դրանցում հաղթանակ է տարել Աշրաֆ Ղանին»:
Ամփոփիչ տվյալների համաձայն, Ղանին ստացել է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, նրա օգտին քվեարկել է երկրի ավելի քան 923 հազար քաղաքացի:
Երկրորդ տեղում հայտնվել է երկրի վարչապետ Աբդուլա Աբդուլան, որը հավաքել է ձայների 39,52 տոկոսը: Աֆղանստանում նախագահական ընտրությունները կայացել են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին:
Ձայները հաշվելիս առաջին անգամ կիրառվել են կենսաչափական տեխնոլոգիաներ, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքների ամփոփումը ձգձգվել է մի քանի ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: