
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկը բաժանվում է 26 տարվա ամուսնությունից հետո

Եվս մեկ ամուսնալուծություն թագավորական ընտանիքում: Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկը՝ կոմս Սնոուդոնը եւ նրա կինը՝ Սերենան՝ կոմսուհի Սնոուդոնը, որոշել են բաժանվել փոխադարձ համաձայնությամբ: Այդ մասին հայտնել է Սնոուդոններ զույգի ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ին:
Դեւիդ Արմսթրոնգ-Ջոնսը, որը կրում էկոմս Սնոուդոն տիտղոսը, հանգուցյալ արքայադուստր Մարգարետի՝ Եղիսաբեթ թագուհու հարազատ քրոջ եւ լուսանկարիչ Էնթոնի Արմսթրոնգ-Ջոնսի որդին է:
Սնոուդոն ամուսինները համատեղ ապրել են 26 տարի, նրանք երկու զավակ ունեն: Այդ մասին հայտարարությունն արվել է այն բանից մեկ շաբաթ չանցած, երբ հայտնի դարձավ թագուհու ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիպսի եւ նրա կնոջ՝ Օթեմի ամուսնալուծության մասին:
«Կոմս եւ կոմսուհի Սնոուդոնները փոխադարձ համաձայնության են հասել այն բանի շուրջ, որ իրենց ամուսնությունը մոտեցել է ավարտին, եւ նրանք ամուսնալուծվելու են: Նրանք խնդրել են մամուլին՝ հարգել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անձնական կյանքի իրավունքը»,-ասված է ամուսինների պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է փետրվարի 17-ին:
Կոմս Սնոուդոնն անգլո-իռլանդացի արիստոկրատուհի Սերենայի հետ (օրիորդական ազգանունը՝ Սթենհոուփ) ամուսնացել է 1993 թվականի հոկտեմբերին:
Զույգը երկու զավակ ունի՝ Չառլզ Արմսթրոնգ-Ջոնսը, որը կրում է վիկոնտ Լինլի տիտղոսը, եւ լեդի Մարգարիտա Արմսթրոնգ-Ջոնսը: Կոմս Սնոուդոնի մայրը՝ արքայադուստր Մարգարետը, վախճանվել է2002 թվականին. կոմսի հայրը՝ լուսանկարիչ եւ կինոռեժիսոր Էնթոնի Արմսթրոնգ-Ջոնսը՝ 2017 թվականին: