Կորսված հնարավորություն և անհաջող ձևաչափ. միջազգայնագետներն ու դիվանագետները քննադատում են Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատը
Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով Փաշինյան-Ալիև հանրային քննարկումը շարունակում է լայնորեն քննարկվել միջազգային փորձագիտական և դիվանագիտական համայնքի կողմից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնք ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից հետո ունեցել են միայն մեկ պաշտոնական և բազում ոչ պաշտոնական, կարճատև հանդիպումներ ու շփումներ, փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցան հերթական ոչ պաշտոնական տետ-ա-տետ հանդիպումը, ապա մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով հանրային քննարկմանը, որը վարեց ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Ի դեպ, հանրային քննարկման մասին հայտարարվեց դրա անցկացումից միայն մի քանի ժամ առաջ:
Ուշագրավն այն է, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման թեմայով նման հանրային քննարկում, որի ընթացքում հակամարտող երկրների ղեկավարները բացառիկ հնարավորություն ունեին հակամարտության գոտում ապրող հասարակություններին, Մյունխենի Անվտանգության համաժողովի հարյուրավոր բարձրաստիճան մասնակիցներին ներկայացնել իրենց մոտեցումները նորովի, բանավիճել հանրայնորեն՝ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելով քաղաքական, դիվանագիտական, բանակցային հմտություններ, ճկունություն, գիտելիքներ, տեղի էր ունենում առաջին անգամ, ինչը մի շարք հետազոտողների կողմից որակվեց՝ որպես պատմական իրադարձություն, մինչև անգամ՝ առաջընթաց հակամարտող կողմերի շփումներում:
Եվ մինչ Հայաստանում և Ադրբեջանում գովերգում են Փաշինյանի և Ալիևի «բացառիկ» հանրային դեբատը, որոշում, թե որ ղեկավարը «հաղթեց» այս հանրային միջոցառման ընթացքում, որի մեծ հատվածը ղեկավարները նվիրեցին պատմական փաստարկների ներկայացմանը և միայն քննարկման վերջին րոպեներին կրկնեցին հանրությանն արդեն հայտնի որոշ մոտեցումներ, Ղարաբաղյան հիմնահարցով մասնագիտացած փորձագետները և դիվանագետներն այս փորձը համարում են կորսված հնարավորություն, անհաջող և ապարդյուն միջոցառում:
Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ջոշուա Կուչերան իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է, որ ղեկավարներն առավելապես բանավիճեցին դարավոր պատմական փաստարկների շուրջ և առաջընթացի մասին քննարկումները միայն հակառակորդ կողմի համար անընդունելի պահանջներով սահմանափակեցին: «Հանրայնորեն նման բան անելը հակամարտությունը զվարճանքի վերածելու նման մի բան է»,- գրել է Կուչերան:
Իր հերթին՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը նշել է, որ կազմակերպիչները մեծ սխալ են թույլ տվել: «Ինչո՞ւ, որովհետև սա բանակցային գործընթացը (ինչը համարյա գոյություն էլ չուներ) ետ մղեց»,- նշել է Կոզլարիչը:
Անդրադառնալով ադրբեջանցի գործիչ Ջալիլ Խալիլովի պնդմանը, թե մյունխենյան դեբատները Իլհամ Ալիևի փայլուն քաղաքական հաղթանակն էին, Ռիչարդ Կոզլարիչը գրել է, որ ոչ մի հաղթանակ էլ չկա, միայն հաստատում, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն պատրաստվում կարգավորել այս հակամարտությունը ուղիղ, խաղաղ դիվանագիտության միջոցով:
«Իսկապես վատ միտք էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հանրային հարթակ տրամադրել՝ դիրքավորելու նպատակով: ԼՂ խաղաղ գործընթացը ետ մղվեց»,- ընդգծել է նա:
Իր դիրքորոշումն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև Միջազգային ճգնաժամային խմբի հայազգի փորձագետ Օլեսյա Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հնարավորություն ունեին սա վերածելու պատմական երևույթի, որի համար կարիք չկար խոսել արհեստական սիրո և խաղաղության մասին, միայն պետք էր հետևել հանրային խոսքի մի քանի օրենքի և փորձել ձևակերպել սեփական մտքերն այնպես, որպեսզի հարգարժան լսարանն այն ընկալեր և ընթացք տար: Այնինչ, նրա գնահատմամբ, նրանք քննարկումը վերածեցին էժանագին ներկայացման:
«Ես երաշխավորում եմ, որ այս միջազգայնագետներից որևէ մեկը չի կարողացել հասկանալ պատմության որևէ մոտ կամ հեռավոր հղում»,- նշել է ՄՃԽ փորձագետը:
Վերջինս նաև գրել է, որ այս դեբատի արդյունքում չկան հաղթողներ: «Միայն պարտվողներ»,- ընդգծել էր նա:
Իր ֆեյսբուքյան էջում կարծիք էր հայտնել նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով, որ պանելային քննարկումը կորսված հնարավորություն էր և կորուստ բոլոր կողմերի համար:
Նրա գնահատմամբ, երկու կողմերի պատմական դասընթացները նախատեսված էին միայն տեղական լսարանների համար: «Իմ նկատառումն այն է, որ շատ պաշտոնյաներ և մարդիկ, որոնք դիտում էին, շփոթված և նյարդայնացած էին: Ես ակնկալում էի ավելի լավ արդյունք և ցանկանում էի տեսնել փորձ՝ բարձրացնել այս դիսկուրսը՝ ներգրավելով և զրուցելով լսարանի և միմյանց հետ»,- գրել էր Կիրակոսյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն ևս կարճ կարծիք էր ներկայացրել՝ նշելով, որ երկու միջոցառումներից ոչ մեկը չի իրականացվել այնպես, որպեսզի ծառայի գործընթացն առաջ մղելուն:
Իսկ Վրաստանի Խորհրդարանի նախկին պատգավոր Դավիթ Դարչիաշվիլին նշել է, որ քննարկումը կորսված հնարավորություն էր, բայց դա կազմակերպիչների և ոչ այնքան՝ բանախոսների պատճառով էր:
Թվիթերյան գրառումներով, ինչպես նաև՝ հեղինակավոր եվրոպական ԶԼՄ-ներում հոդվածների տեսքով, Փաշինյան-Ալիև դեբատին են անդրադառնում նաև եվրոպացի և հայազգի լրագրողներ, փորձագետներ, և բոլորի եզրահանգումը մեկն էր՝ հանրային քննարկումն անհաջող էր: