«Եթե հրամանատարը պատշաճ հսկողություն չի իրականացնում, նա դրա համար պետք է պատասխան տա». Գևորգ Պետրոսյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադաձավ նաև վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում զոհերի մեծ թվին: Ըստ պատգամավորի՝ կատարվածը բանակում առկա բարձիթողի վիճակի հետևանք է, և պետք է տեղի ունեցած կոնկրետ դեպքի համար տվյալ զորամասի հրամանատարությանն ամենախիստ պատասխանատվության ենթարկել:
Պատգամավորն առանց անուններ հնչեցնելու՝ ասաց, որ ինչ-որ մարդիկ ասում են, թե սա քրեական ենթամշակույթի դրսևորում է:
Հավանաբար Գևորգ Պետրոսյանը նկատի ուներ փետրվարի 12-ին պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած տեսակետը, որից կարելի էր ենթադրել, որ վարչապետի կարծիքով՝ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերը քրեական ենթամշակույթի արդյունք են:
«Այ ընկեր, 18 տարեկանը նոր լրացած երեխեն ե՞րբ հասցրեց քրեական ենթամշակույթ կոչվածը յուրացնել, ե՞րբ հասցրեց դա գործարկել: Ամոթ է: Փոխանակ ասեն, որ տեղերում պատշաճ հսկողություն չկա: Դժվար է մի քանի հաստիք ավելացնել, որ զինվորը զինվորին չպարտադրի ինչ-որ բան անել՝ որպես ստորացում, դա քրեական ենթամշակույթ չի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գոյություն ունեցող երևույթների պատճառը հրամանատարության անփութությունն է:
«Այսքան զոհեր ունենք, ոչ մի հրամանատար չի դատվում: Ինչո՞ւ: Պաշտոնական անփութություն է: Մարդիկ, ժամը գալիս է, դռները փակում, գնում են իրենց տները, զինվորները մնում են իրար հետ: Ոչ մի հսկողություն, ոչ մի վերահսկողություն: Այ սա է պատճառը: Եթե հրամանատարը պատշաճ հսկողություն չի իրականացնում, նա դրա համար պետք է պատասխան տա»,- վստահեցրեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորի մեկնաբանությամբ՝ այսօր, ինչպես ընդունված է ասել, շոու են անում, դեպքի օրը եղածին հնչեղություն են հաղորդում, ժողովուրդը սկսում է հայհոյել, վրդովվել, իսկ երկու օր անց այդ հրամանատարները նորից գնում, «թիկնում են իրենց բազմոցներին», ու «հետո սպասում ենք հաջորդ զոհին, վիճակը չի փոխվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում