«Այսօր քաղաքական այլախոհությունն ուղղակի դարձել է իշխանության թշնամին». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բնորոշմամբ՝ մեր կյանքում այսօր կա ատելություն, ու դրա ծավալներն «աննախադեպ» են:

«Երբ ես ելնում եմ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու, ոչ թե մտածում եմ, որ ելույթս իրավաբանորեն խոցելի չլինի, քաղաքական առումով խոցելի չլինի, այլ՝ թե այսօր երեկոյան քանի ֆեյք  է հարձակվելու իմ, իմ ընտանիքի անդամների ուղղությամբ: Եվ ես միակը չեմ: Այսօր քաղաքական այլախոհությունն ուղղակի դարձել է իշխանության թշնամին: Այս մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու»,- երկրում տարածված ատելության խոսքին անդրադառնալով՝ տեսակետ հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը վստահեցնում է՝ ուրախ կլինի, որ իր և գործընկերների մասնագիտական ելույթներին հակադարձեն մասնագիտական հակափաստարկներով, ոչ թե՝ անձնական վիրավորանքներով:

Ըստ Պետրոսյանի՝ եթե իշխանությունն ու նրա ընդդիմախոսներն ընդունում են ազնիվ գործելակերպի սկզբունքը, եթե խոսում են ստից վեր կանգնելու սկզբունքի մասին, բավական է աճպարարությամբ զբաղվեն:

Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ իշխանությունն այս մեթոդով փորձում է հետաձգել տնտեսական հեղափոխությունը:

«Ես այն կարծիքին եմ հանգում, որ  իշխանությունը տեսնելով, որ տնտեսական հեղափոխությունը այդպես էլ մնացել է օդից կախված, անընդհատ  նման միջոցառումներով, այսօր՝ ատելության խոսք, վաղը՝ սահմանադրական փոփոխություններ, մի տեղ՝ միտինգ, մի տեղ՝ ժողով, այսպես անընդհատ, անորոշ ժամկետով հետաձգում են տնտեսական հեղափոխության խոստումը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ժողովուրդն իմաստուն է ու կարողանում է լավ հասկանալ, թե ով է իր կողքին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս