«ՍԴ-ն ընտրություններ չի կեղծել. Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները». Ֆելիքս Թոխյան. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի եղել ու չկա,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր էլ կստորագրի ՍԴ-ի վերջին 20 տարվա բոլոր այն որոշումները, որոնք ստորագրել է։ «Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է  հերյուրանքներ տարածել։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ վերջին 20 տարում ՝ այսօր էլ կստորագրեմ»,- հայտարարեց Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ կարող են լրագրողին մեղադրել նաեւ Քենեդու սպանության մեջ։

ՍԴ դատավորը միաժամանակ հերքել է նախկինում իր նկատմամբ ճնշումներ կիրառված լինելու մասին հայտարարությունները։ «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ֆելիքս Թոխյանին կարող են ճնշել՝ ուրեմն ինձ լավ չեն ճանաչում, ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ կուտեմ-կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման փորձ 23 տարվա ընթացքում չի էլ եղել»,- նշել է Ֆ.Թոխյանը։ Ընդ որում՝ նա նշեց, որ ճնշումների վերաբերյալ հարց տրվել է նաեւ ՀՔԾ-ում՝ հարցաքննության ժամանակ եւ հերքել, որ իրեն չեն ճնշել։

«Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»,- նշել է ՍԴ դատավորը եւ ընդգծել, որ իրենց միայն կարող են մեղադրել կատարած աշխատանքը հանրությանը լավ չներկայացնելու համար՝ ընդգծելով թացն ու չորը պետք է տարբերել։

Տեսանյութեր

Լրահոս