Diamond Princess ճամփորդանավում կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք են գրանցել
Նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է Diamond Princess ճամփորդանավի եւս 88 ուղեւորների մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։
Այսպիսով, Diamond Princess ճամփորդանավում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 542-ի: Նոր հիվանդացածների քաղաքացիությունն առայժմ չի ճշտվում:
Ավելի վաղ The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Covid-19 կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական է եղել այն 328 ամերիկացիներից 14-ի մոտ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերադարձել ԱՄՆ: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունում: Հրատարակության աղբյուրի խոսքով՝ նավի ուղեւորներից անալիզները վերցվել են այն բանից հետո, երբ նրանք հեռացել են հանրանավից: The Washington Post-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Diamond Princess նավում կորոնավիրուս է հայնաբերվել 44 ամերիկացիների մոտ, նրանք մնացել են բուժման Ճապոնիայի հիվանդանոցներում: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն փետրվարի 18-ին կառավարության նստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Diamond Princess ճամփորդանավի այն ուղեւորները, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, կկարողանան հանրանավից հեռանալ փետրվարի 19-ից:
«Մենք ակնկալում ենք, որ անալիզների դրական արդյունքներ ցույց չտված ուղեւորները կկարողանան նավից իջնել փետրվարի 19-ից: Ենթադրվում է, որ մինչեւ ամսի 21-ը նրանք բոլորը դուրս կբերվեն նավից»,- նշել է նա: Կատոն նաեւ ընդգծել է, որ մինչեւ փետրվարի 17-ը Diamond Princess-ի բոլոր ուղեւորներից արդեն վերցված են նոր կորոնավիրուսի համար անհրաժեշտ անալիզները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: