Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից
Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, տեղի ունեցած հրդեհից, որն արդեն մարվել է: «Առեւտրի կենտրոնում հրդեհը մարվել է հրշեջ պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության ուժերով»,- ասված է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Երկրի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ հրդեհից տուժել է 10 մարդ: «Նրանցից ութին օգնություն է ցուցաբերվել տեղում, գլխի վնասվածք ստացած մի մարդ հոսպիտալացվել է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունում:
Բաքվի արվարձանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում հրդեհն սկսվել է փետրվարի 18-ի վաղ առավոտյան: Առեւտրի կենտրոնի տարածքը կազմում է մոտավորապես 100 հեկտար: Այն ներառում է մանրածախ ու մեծածախ առեւտրի մեծ թվով օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկա: