
14 ամերիկացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Covid-19 կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական է եղել այն 328 ամերիկացիներից 14-ի մոտ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերադարձել ԱՄՆ, հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունում։
Հրատարակությունը նշում է, որ նրանց վերադառնալուց հետո ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով ախտահարվածների հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, այսինքն՝ ավելացել է ավելի քան կրկնակի: Թերթի աղբյուրի խոսքով՝ նավի ուղեւորներից անալիզները վերցվել են այն բանից հետո, երբ նրանք հեռացել են հանրանավից: The Washington Post-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Diamond Princess նավում կորոնավիրուս է հայնաբերվել 44 ամերիկացիների մոտ, նրանք մնացել են բուժման Ճապոնիայի հիվանդանոցներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: