«Մի փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի նկատմամբ». Քնար Մանուկյան
«2019 թվականին 4 դեպք եղավ, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր»,- մամուլի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը:
Նա նշեց, որ առաջին դեպքը այս տարվա մարտի 20-ին էր, երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից գրություն ստացավ այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով առանցքային վկաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումը անթույլատրելի է և պետք է դադարեցնել մյուս ցուցմունքների հրապարակումը, եթե դրանք ունենք:
«Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը չկատարեց այդ հորդորը և շարունակեց հրապարակել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և այլոց տված ցուցմունքները: Ինֆորմացիայի աղբյուր չբացահայտեց նաև հարցաքննության ժամանակ: Երկրորդ դեպքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արված վերանորոգումների թեմայի մասին հրապարակումն էր»,- նշեց խմբագիրը։
Ըստ նրա՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Հասմիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Նա նորոգել էր` հանուն իր ընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են ստացել: Այս հրապարակումից հետո` հոկտեմբերի 8-ին, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Մ. Հակոբյանից ստացավ գրություն հետևյալի մասին. «Քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ տեղեկություններ տրամադրել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի հերթական համարում լույս տեսած «Նոր սկանդալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ» վերնագրով հոդվածի աղբյուրի մասին, տրամադրել նշված տեղեկությունները տրամադրած անձի կամ անձանց կենսագրական և կոնտակտային տվյալները…»:
«Բնականաբար, այս դեպքով ևս ինֆորմացիայի աղբյուր չբացահայտվեց, ընդամենը պատասխան գրությամբ պարզաբանվեց, որ չի բացահայտվելու աղբյուրը: Երրորդ դեպքը ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործած ինքնասպանության լուրի հրապարակումն էր, որը առաջինը ArmLur.am կայքը հաղորդեց՝ գրելով, թե մահվանից առաջ ինչից է դժգոհել Հայկ Հարությունյանը: ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Արմեն Իսկանդարյանը հարցաքննության հրավիրեց լրագրողին՝ պահանջելով աղբյուրի բացահայտում: «Հարցաքննության ընթացքում էլ քննիչներին պարզաբանվեց, որ ոչ մի դեպքում աղբյուր չի բացահայտվի: Չորրորդ դեպքով գրությունը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ուր նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործով նախաքննության կատարումը ՀՔԾ քննիչներին: ՀՔԾ քննիչ Դ. Կոստանդյանը, քրգործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված, խնդրում է «հայտնել հոդվածը հրապարակած լրագրողի և տեսանյութը տրամադրած անձի տվյալները»,- աաաց Քնար Մանուկյանը։ Բանախոսը նշենց, որ ArmLur.am-ի` օգոստոսի 29-ին հրապարակած բացառիկ տեսանյութը վերաբերում է «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած թաղային հեղինակության սպանությանը:
«Այս գրության պատասխանը արդեն որոշեցինք հրապարակավ տալ՝ քննիչ Կոստանդյանին հայտնելով, որ չենք պատրաստվում ինֆորմացիայի աղբյուր բացահայտել։ Ու, ընդհանրապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանին ևս մեկ ու, հուսանք, վերջին անգամ հիշեցնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»,-ասաց խմբագիրը։
«Ժողովուրդ» օրաթերթը բոլոր տեղեկությունները ձեռք է բերել օրենքով չարգելված եղանակով, և մեզ համար հանրային շահը գերակա է: Բացի այդ, խմբագրությունը ինֆորմացիա տարածողն է, այլ ոչ թե հրապարակողը:
«Մի՛ փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am լրատվական կայքը գործել և գործելու են էքսկլյուզիվ դաշտում ու հրապարակելու են այնպիսի փակ, անհասանելի տեղեկություններ, որ երբեմն համակարգերի ներսում են անտեղյակ դրանց մասին: Լրագրողական աղբյուրները մեզ համար անփոխարինելի արժեք են, չենք բացահայտի երբեք ոչ մի դեպքում, ու մի՛ փորձեք այսպես վախեցնել մեր աղբյուրներին: Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զբաղվե՛ք ձեր գործով»,- եզրափակեց Քնար Մանուկյանը։