«Եթե դատարանները նման բիրտ ձևով պետք է կախվեն իշխանություններից, հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին». Վահան Իշխանյան
Լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի խոսքով, երբ հանրաքվեի դրվեց Սահմանադրական դատարանի դատավորներին հեռացնելու հարցը, ամենաանհանգիստը փաստաբանական համայնքն էր, որը դիմեց ՀՀ նախագահին, որպեսզի չստորագրի նախագիծը, չներկայացնի հանրաքվեի կամ տա ՍԴ-ին։
«Ինչո՞ւ էին փաստաբաններն անհանգստացած. եթե հանրաքվեում «Այո»-ն հաղթեց, ուրեմն Հայաստանում վերանում է իրավական պետությունը, իսկ երբ վերանում է իրավական պետությունը, ապա դատարանը՝ որպես անկախ մարմին, գոյություն չի ունենում, և փաստաբանի գործը վերածվում է զրոյի։ Այս իրավիճակը վերաբերում է նաև խոսքի ազատությանը և լրատվամիջոցներին, եթե դատարանները նման բիրտ ձևով պետք է կախվեն իշխանություններից, այս հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին։ Այն, ինչ այստեղ քննարկվում է, պարզապես «ծաղիկներն» են այն ամենի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ»,- Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները։ Սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկմանը շեշտեց հրապարակախոսը։
Վահան Իշխանյանի կարծիքով՝ լրագրողները, ինչպես փաստաբանները, պետք է շահագրգռված լինեն, որպեսզի նման իրավիճակ չլինի։ Նա հիշեցրեց ու մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը նա ասել էր, երբ դեռ «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիրն էր:
«Այսօր հաճախ է խոսվում լրագրողական էթիկայի մասին, խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվեն կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ չի վերաբերվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»,- այս մեջբերումով հրապարակախոսն ընդգծեց, որ լրագրությունն առանց էթիկայի՝ գոյություն չունի, և եթե հանում են էթիկան, ապա լրագրությունն ուղղակի ցնդում է, փլվում։
«Լրագրության առաքելությունը ճշմարտությունն ասելն է, իսկ ճշմարտությունը էթիկական խնդիր է, եթե հանում ենք ճշմարտություն ասելը, ապա լրագրություն գոյություն չունի։ Լրագրողի, թերթի աշխատանքը, եթե համակարգվածության մեջ է երկրի մյուս լրատվամիջոցների հետ, ինչը նշանակում է, որ եթե որևէ թերթ էթիկային չի հետևում, ապա մյուս թերթերը որքան էլ արդյունավետ աշխատեն, իրենց աշխատանքն արդյունք չի տալիս։ Այդ պատճառով էլ լրատվամիջոցները ստեղծում են տարբեր կազմակերպություններ և դրանցով սկսում իրենք իրենց վրա հսկողություն իրականացնել, որպեսզի էթիկայի կանոնները չխախտվեն, նման կազմակերպություններ ունեն աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ։ Էթիկայի ամենակարևոր կանոնը համարվում է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելը»,- շեշտեց նա։
Վահան Իշխանյանը ցավով արձանագրեց, որ 30 տարիների ընթացքում Հայաստանը չի կարողացել ստեղծել նման լրագրողական կազմակերպություն, որով կկարողանային հսկել միմյանց՝ էթիկայի կանոնները չխախտելու համար։
Նրա խոսքով՝ օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի անկախության շրջանում այս կամ այն չափով իշխանություններից կախված է եղել, մի դեպքում իշխանության կամքը՝ փափուկ, մյուս դեպքում՝ կոպիտ ձևով է կատարել, բայց այնպես, ինչպես այսօր է կատարում ՝ չի եղել։ Որպես ապացույց՝ նա բերեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին պատրաստած ռեպորտաժը, որտեղ չէր պահպանվել անմեղության կանխավարկածը։
«Նշված կազմակերպության անհրաժեշտությունը բերում է նրան, որ հասարակությունը սկսում է վստահել այն լրագրողներին, որոնք այդ կազմակերպության անդամ են։ Նման կազմակերպությունների առկայության դեպքում նաև հասարակությունը հեշտ չի մոլորվում։ Կոչ եմ անում, որ Լրագրողների միության հիմքի վրա կամ մեկ այլ ձևով նման լրագրողական կազմակերպություն ստեղծեն, որը հետզհետե կսկսի իր ազդեցությունն ունենալ հասարակության կարծիքի վրա»,- հավելեց Վահան Իշխանյանը։
Հիշեցնենք, սակայն, որ դեռևս 2007 թվականին ստեղծվել է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, որի էթիկական սկզբունքների կանոնագիրը ստորագրել են հանրապետության 47 լրատվամիջոց, այդ թվում նաև՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը: