«Մեր աշխատանքը 2018 թվականից հետո շատ է բարդացել, ունենք տեղեկատվություն հայթայթելու ծանր վիճակ». Արմինե Օհանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ ընթանում է «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: սպասելիքները և անելիքները» խորագրով քննարկումը, որի նպատակն է լրատվամիջոցների և իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ ներկայացնել այն մարտահրավերներից, որոնց առջև այսօր կանգնած է մամուլը։ Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am  կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մինչև քննարկմանն անդրադառնալը իր ցավակցությունը հայտնեց հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նրա մահը մեծ կորուստ էր։

Այնուհետև անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ նա ընդգծեց, որ մամուլի մարտահրավերների հետ կապված՝ հեղափոխությունից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել մամուլի ներկայացուցիչների հետ, որոնք ունեցել են տարբեր ձևաչափեր, տարբեր խնդիրների հետ կապված՝ եղել են նաև տարբեր հայտարարություններ։

«Այս քննարկմամբ մենք նպատակ ունենք մեդիաներկայացուցիչներով և իրավաբան փորձագետների օգնությամբ խոսել այն հիմնական մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մամուլը և, ինչպես հասկանում ենք, առաջիկայում բավականին լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու. դրանք և՛ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով են մեր առջև կանգնելու, և՛ տարբեր գործողությունների։ Ես չեմ ուզում թվարկել բոլոր այն դեպքերը, որոնք վերջին երկու տարիների ընթացքում տեղի են ունեցել լրատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ, քանի որ դրանց մասին բարձրաձայնվել է։ Դրանց մասին նաև որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այստեղ անձամբ կներկայացնեն»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ, մասնավորապես՝ իշխանությունները, պարբերաբար հպարտանում են, որ մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան հեղափոխությունից հետո։

«Մամուլի ազատության մասին կարող են խոսել միայն լրագրողները, հատկապես՝ խմբագիրները, քանի որ կան դեպքեր, երբ լրագրողներն ամբողջապես չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակում է գործում լրատվամիջոցը, և դա ամբողջապես կարող է ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարը։ Երբ հեղափոխությունից հետո մեր դեմ, հատկապես՝ սոցիալական ցանցերում, սկսվեցին հարձակումներ, դեռ այդ ժամանակ հույս ունեինք, որ  այդ ամենը շուտ կավարտվի, ամեն ինչ կմտնի բնականոն հուն, և մարդիկ կհասկական, որ հայհոյանքներով ու վիրավորանքներով չի կարելի ապրել ու դրանցով կառավարել լրատվամիջոցների աշխատանքը։ Փաստորեն, մենք շատ ավելի լավատես էինք, քան իրականությունը մեզ ցույց տվեց»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը։

Ըստ նրա՝ դեռևս 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներով  հայտարարություն են տարածել, որը կարծես թե առաջին ահազանգն էր՝ ուղղված իշխանություններին, ինչից հետո արշավ է սկսվել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ «Ոչ «Հրապարակին»» ֆլեշմոբը, որը ղեկավարում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, որոնցից ամենակտիվն այսօր աշխատում է Ազգային ժողովում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

«Այն ժամանակ մեզ իշխանությունները հակադարձում էին, որ այդ ամենը ժողովրդի կողմից ինքնաբուխ վերաբերմունք է, քանի որ իշխանությունն այնքան սիրված չի եղել, ինչպես հիմա, ուստի, երբ մամուլը նրանց քննադատում է, հայտնվում է, այսպես ասած, այդ «սիրահարված» մասսայի թիրախում։ Բայց մենք շատ լավ հասկանում էինք, որ դա վտանգավոր ճանապարհ է, և զգուշացնում էինք։ Մենք ասում էինք, որ նախ իշխանությունը պետք է դուրս գա Ֆեյսբուքից և սկսի իրական կյանքով ապրել և երկիրը տեղափոխել կառուցողական հուն, նաև ասում էինք, որ ֆեյսբուքյան արշավները, եթե այսօր ձեզ համար են աշխատում, վաղը կարող են ձեր դեմ օգտագործվել, զգուշացնում էինք, որ այդ ամենը պետք է կանխվի, բայց իշխանությունը մեզ չանսաց, և այսօր մենք ունենք ավելի շատ խորացած հիվանդություն, որի դեմ պայքարելու մեթոդները կասկածելի են»,- հավելեց Արմինե Օհանյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենն այսօր փորձում են օրենսդրական նախաձեռնությամբ մտցնել մի հուն և ատելության խոսքի դեմ պայքարը կազմակերպված ու համակարգված կերպով տանել։ Ավելին՝ օրերս տեղակցել են, որ կա օրենսդրական նախաձեռնություն, որով փորձ է արվում «զրպարտություն» եզրույթի ծավալը մեծացնել և ֆեյսբույքան ցանկացած գրառում, որտեղ կնկատեն ոչ հավաստի տեղեկություն, դիտարկել՝ որպես զրպարտություն։

Ինչ վերաբերում է ազատ արտահայտվելուն, Արմինե Օհանյանը նկատեց՝ այդ հնարավորությունն ունեցել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, և նախորդ 10 տարիներին չի եղել որևէ անձեռնմխելի անձ, որի հետ կապված՝ չեն կարողացել ազատ արտահայտել իրենց մտքերը։

«Մեր աշխատանքը 2018 թվականից հետո շատ է բարդացել, ունենք տեղեկատվություն հայթայթելու ծանր վիճակ, քան մինչ այդ էր, թերևս, սա է պատճառը, որ մենք մեծ մասամբ օգտվում ենք մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունից։ Նախորդ շաբաթ, երբ մենք ունեինք Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվություն, երբ փորձեցինք նախարարությունից ճշտել տեղեկությունը, մեզ ասացին, որ այն ապատեղեկատվություն է, իսկ հրապարակումից հետո հանդես եկավ նախարարը և իրավապահներին կոչ արեց ուշադրություն դարձնել այս ամենին և ճշտել, թե որտեղից է աղբյուրը»,- եզրափակեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս