Արցախի Հանրապետությունն անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է, երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում. ցանկացած այլ մոտեցում ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք. Վ. Բալասանյանը` Ալիևին

Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը և, մասնավորապես, Ղարաբաղյան հարցի լուծման` Ադրբեջանի նախագահի առաջարկած փուլային տարբերակին:

«Հարգելի հայրենակիցներ, երեկ` 15.02.2020թ., Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում: Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել: Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն, այն տարբերակը, որն անընդունելի է Արցախի Հանրապետության համար:

Հիշեցնեմ, որ հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին և դեռ այն ժամանակ պաշտոնապես մերժվել է: Իլհամ Ալիևը Մյունխենում կայացած քննարկման ընթացքում ցույց տվեց, որ Ադրբեջանը 23 տարի անց էլ դեռ խոսում է նույն` հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, որովհետև դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ուղղակի ճանապարհն է: Նա ցանկանում է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և համաձայն է հասնել այդ նպատակին փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Արցախում և այլն։ Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել և վերադարձել է 1997-ին:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և Սովետական միության փլուզման զուգընթաց և համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հռչակել է Արցախը անկախ Հանրապետություն: Սա է իրողությունը: Արցախի Հանրապետությունն անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է և ցանկացած այլ մոտեցում անընդունելի է և ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք: Ի գիտություն նշեմ, որ Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ցանկացած պարագայում, Արցախը պատրաստ է լուծել իր անկախության ու անվտանգության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս