Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացում բեկում ունենալու համար առաջարկում է միկրոհեղափոխություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում առաջ է քաշում միկրոհեղափոխությունների գաղափարը: Վարչապետն արդեն տարբեր ժամանակներում երեք միկրոհեղափոխություն է նախաձեռնել. սակայն Ադրբեջանի նախագահի կողմից որևէ արձագանք չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի թեմայով քննարկմանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է` հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը մեկ կամ երկու քայլով լուծել: Ես կարծում եմ, որ մեզ պետք է միկրոհեղափոխություններ ունենալ, որպեսզի դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում կունենանք բանակցային գործընթացում: Որն էր այդ միկրոհեղափոխությունը: 2018-ի սեպտեմբերին ես հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողորվրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ինչու է սա միկրոհեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլ նաև ես Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներից միակն եմ, որ ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Իսկ հիմա այդ հեղափոխությունից անցել է ավելի քան 1 տարի: Դա շատ կարևոր միկրոհեղափոխություն է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց` հաջորդ հեղափոխությունն այն է, որ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ սոցցանցերի օգտատեր հայերին և ադրբեջանցիներին կոչ է արել սոցիալական ցանցերը չօգտագործել իրար վիրավորելու, իրար սպառնալու համար: «Ես կոչ արեցի սոցիալական մեդիաները, նոր տեխնոլոգիաներն օգտագործել փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ: Դա էլ մոտեցում է: Եվ ես փորձել եմ ուղղակիորեն դիմել, խոսքն ուղղել Ադրբեջանի ժողովրդին, և ես դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ  ժողովրդի հետ»,-ասաց Փաշինյանն ու նկատեց` սակայն ունենք շատ տարօրինակ մի փաստ. Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը նկատեց` ինչպես է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը`չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նա շեշտեց` Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ տեղի է ունեցել` 1992-ի մարտի 24-ին և 1994-ին Բուդապեշտում` ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում:

Փաշինյանը շեշտեց` հայկական կողմը հավատարիմ է բանակցային գործընթացին, խաղաղության գործընթացին: «Եվ ես կարծում եմ, որ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Եվ մենք շատ ինտենսիվ ենք աշխատում, և պատրաստ ենք իրական ջանք գործադրել իրոք փոփոխության, հակամարտության լուծման հասնելու համար»,-նշեց նա:

Ալիևը քննարկմանը, անդրադառնալով Փաշինյանի` լուծումը բոլոր կողմերին ընդունելի լինելու առաջարկին` շարունակեց շեշտել, թե Ադրբեջանի ժողովրդին ընդունելի է այն, որ ապրեն Ղարաբաղում, իբր «վերադառնան» իրենց տները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Քննարկման համակարգողն է ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը: Փաշինյանն ու Ալիևը մոտ կես ժամ տևողությամբ երկկողմ հանդիպում են ունեցել նաև քննարկումից առաջ:

 

Տեսանյութեր

Լրահոս