«Ստացվում է՝ լոուքոսթերներին արտոնություն տրվում է միանգամից 5 տարով, իսկ ոչ մի մրցակից չի կարող 5 տարի դիմակայել այդ անհավասար պայմաններին». «Fly Dubai»-ի պաշտոնական ներկայացուցիչ
168.am-ն օրեր առաջ գրել էր, որ անհավասար լոուքոսթ ընկերությունների մուտքով պայմանավորված՝ մրցակցային պայմանների պատճառով դասական ավիաընկերությունների համար հայկական շուկան շուտով այլևս գրավիչ չի լինի, ու նրանք կլքեն հայկական երկինքը:
Ռումինական «Tarom Airlines» ընկերությունն արդեն իսկ դադարեցրել է տոմսերի վաճառքը, և թեպետ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այս շաբաթ Ազգային ժողովում հերքեց այն հանգամանքը, որ «Tarom»-ի՝ շուկայից դուրս գալը կապ ունի լոուքոսթերների մուտքի հետ, խնդիրն առկա է, ու շուկայում խաղացողների անհանգստությունը ոչ միայն չի փարատվում, այլև ուժգնանում է:
168.am-ը շարունակում է ներկայացնել դասական ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչների անձնական կարծիքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում արաբական «Fly Dubai» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վաչագան Սարկիսյանն ասաց, որ խոսքն այն մասին չէ, որ այս պահին եվրոպական ուղղությամբ թռչող լոուքոսթ ընկերություններն անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծում այդ ուղղությամբ թռչող ընկերությունների համար, այլ այն, որ այդ պայմանները բոլոր ուղղություններով թռչող ընկերությունների համար են խնդրահարույց:
«Եթե, օրինակ, քննարկենք Դուբայի օրինակը, Դուբայը վերջին 25-30 տարիների ընթացքում ձևավորվել է՝ որպես հստակ տուրիստական ուղղություն, և շատ մարդիկ այդ ուղղությունն ընտրում էին հանգստի համար: Այս պարագայում ստացվում է, որ, երբ զբոսաշրջիկը հնարավորություն է ունենում 60-70 եվրոյով մեկնել եվրոպական ուղղությամբ, ապա, բնականաբար, նա այլևս չի քննարկում այլ ուղղություններով մեկնելու տարբերակները, լինի դա Դուբայ, Շրի-Լանկա, Թաիլանդ կամ արևելյան այլ ուղղություններ, քանի որ հաշվի առնելով հարկերը, տուրքերը՝ այդ ուղղությունների տոմսերն արդեն անմրցունակ են դառնում»,- ասաց Վաչագան Սարկիսյանը:
Վերջինս նշում է, որ նախորդ տարիների հետ համեմատած՝ հունվար ամսին ու մինչև փետրվարի կես կտրվածքով ուղևորահոսքի զգալի տարբերություն է նկատվել, նրանց թիվն էականորեն պակասել է, ինչը, իհարկե, ազդում է ավիաընկերությունների գործունեության վրա:
«Եթե ուղևորահոսքը պակասում է, ավիաընկերությունն այլևս զարգանալու և աճելու հնարավորություն չի ստանում տվյալ ուղղությամբ: Այսինքն՝ եթե մենք այսօր շաբաթական իրականացնում ենք 5-6 չվերթ, բայց պլանավորում էինք ամառային չվացուցակի թռիչքները հասցնել շաբաթական 7-10-14-ի, մենք այլևս այսօր այդ հնարավորությունը չենք ստանում, որովհետև ամառային հոսքը, որն ամբողջությամբ տուրիստներն են կազմում, այդ հոսքն ուղղվելու է դեպի էժան եվրոպական ուղղություններ»,- նշեց «Fly Dubai»-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ դա իրենց նման ավիաընկերություններին խնդրի առաջ է կանգնեցնելու:
Վաչագան Սարկիսյանը նկատում է, որ, եթե իրենք թռչում են, հարկեր են մուծում, տալիս են տուրքեր ու սպասարկման վճարներ, ապա, բնականաբար, ուղևորահոսքի նվազման պայմաններում նվազելու են նաև իրենց կողմից վճարվող հարկերը, ինչն արդեն ուղղակիորեն վնասելու է Հայաստան պետությանը՝ բյուջե չմուտքագրված գումարների տեսքով:
«Բոլոր նմանատիպ գործողությունները, որ արվում են, արվում են՝ առանց շուկայի հետ քննարկումների: Մինչև օրս իրենք որևէ լայնաֆորմատ քննարկում չեն կազմակերպել, հրավիրեին, գոնե ասեին՝ շնորհակալ ենք, որ այսքան տարի աշխատել եք, բայց աշխարհն առաջ է գնում, պետությունը նոր ծրագրեր ունի, ի՞նչ եք դուք կարծում, ի՞նչ վտանգներ կան, կամ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Միգուցե մի ընդհանուր հայտարարի գայինք: Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում և շահագրգռված ենք մեր պետության զարգացմամբ: Բայց դա պետք է արվի համակարգված, համաձայնեցված ու ճիշտ պլանավորված»,- նշում է Վաչագան Սարկիսյանը՝ շեշտելով, որ շուկայի երկարամյա խաղացողները տիրապետւմ են շուկայի նրբություններին ու տենդենցներին:
Ըստ «Fly Dubai»-ի ներկայացուցչի՝ միգուցե, եթե այդ զեղչերն ու հնարավորությունները տրվեին բոլորին, ոչ թե՝ Երևանի օդանավակայանից, այլ Գյումրիից, իրենք փորձեին Գյումրին դարձնել, ասենք, Քութաիսի օդանավակայանի այլընտրանքը հայկական շուկայում:
««Զվարթնոցն» անկախ Հայաստանի պատմության ընթացքում կարողացավ հաղթահարել բոլոր խնդիրները, ու Երևանը դարձավ կայուն ուղղություն, և Երևանի օդանավակայանում ստեղծված ուղևորահոսքը կրճատել արհեստածին ինչ-որ բաներով կամ չհիմնավորված զեղչերով ու պայմաններով՝ արդար չէ»,- ասաց Վաչագան Սարկիսյանը:
Բացի դրանից, ըստ «Fly Dubai»-ի պաշտոնական ներկայացուցչի, նույնիսկ, եթե լիներ նման աջակցության ցանկություն, որն ինքնին հասկանալի է, տրամաբանական ու ճիշտ կլիներ, ասենք, արտոնություններ տրամադրել մեկ տարով:
«Որովհետև երբ որ բացում են նոր ուղղություն, իրենք այդ ուղղությունը շահագործում են ուղիղ մեկ տարի, քանի որ ավիասրահներում ու ավիաընկերություններում ուղղության հաշվարկները, վնասներն ու եկամտաբերությունը հաշվարկվում է տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով սեզոնայնությունները: Կա ակտիվ սեզոն ու պասիվ սեզոն, և հենց այդ ամբողջ տարվա արդյունքներն են, որ ազդում են հետագա ծրագրերի վրա, իսկ այս դեպքում, օրինակ, եթե օդի տուրքից խոսենք, այդ արտոնությունը տրվում է 36 ամսով՝ 24 ամսով երկարացնելու դեպքում: Այսինքն՝ ստացվում է, որ լոուքոսթերներին արտոնություն տրվում է միանգամից 5 տարով, իսկ ոչ մի մրցակից չի կարող դիմակայել այդ պայմաններին 5 տարի»,- եզրափակեց Վաչագան Սարկիսյանը: