Մալաթիայի ոստիկանները բնակարանային գողության փորձի դեպքեր են բացահայտել
Փետրվարի 13-ին, ժամը 6.10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները շրջագայության ընթացքում Օհանովի շենքերից մեկի բակում նկատել են կասկածելի անձի։ Նկատելով ոստիկաններին՝ փախել է։ Հետապնդող ոստիկանները բռնել են տղամարդուն ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանությունում պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը։ Բալահովիտ գյուղի 62-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դիմակ, ձեռնոցներ, բանալիներ և կողպեք բացելու համար հարմարեցված գործիքներ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում բերման ենթարկվածը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, գողություն անելու համար փորձել է բացել Օհանովի 80 շենքի երկու բնակարանների դռների փականներ, սակայն չի կարողացել ու հեռացել է։
Գողության փորձերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։