«Մենք նման տեսական հարցերի չենք կարող պատասխանել». Ռուստամ Բադասյան

Արդարադատություն նախարար Ռուստամ Բադասյանը չի կարող պատասխանել  հարցին՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորները որոշեն, որ օգտվելու են վաղ կենսաթոշակի օրենքից և ընդունելու են իշխանության առաջարկը, այդ դեպքում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկվելո՞ւ է:

«Մենք նման տեսական հարցերի չենք կարող պատասխանել, հանրաքվեն նշանակված է, և այն կայանալու է, եթե այնպիսի մի բան փոխվի, որը կիմաստազրկի գործընթացը… դա տեսական հարց է, և մենք չենք կարող պատասխանել «եթե…, ապա…» հարցերին»,- շեշտեց նախարարը:

Ըստ Բադասյանի՝ բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակը անկախ դատական համակարգ ունենալն է՝ անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին  որոշ շրջանակների ազդեցություններից, ուստի իշխանությունը հետևողականորեն գնալու է այդ ուղղությամբ՝ նպատակին հասնելու համար:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և այլ փորձագետների կարծիքներին, որ հանրաքվեից հետո, եթե ՍԴ դատավորներն ազատվեն աշխատանքից, դիմելու են ՄԻԵԴ, որը հաստատապես որոշում է ընդունելու հօգուտ նրանց, Ռուստամ Բադասյանը նկատեց՝ ուրախ է, որ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումն այդքան մեծ նշանակություն ունի Հայաստանում, և բոլորն իրենց պարտքն են համարում ասել, թե ՄԻԵԴ-ն ինչ կորոշի և ինչպես կորոշի:

«Այս թեմային չեմ ուզում անդրադառնալ, պարզապես անիմաստ եմ համարում անդրադառնալ մի թեմայի, որտեղ պարզ չէ, թե դա ինչ գործընթաց է, երբ են դիմելու կամ ինչ ընթացակարգից հետո: Այս փուլում խոսել ՄԻԵԴ-ի և հնարավոր հետևանքների մասին, ավելի շատ շահարկումներ են հիշեցնում»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերում է ԵԺԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական փոփոխությունների մասին  հայտարարություններին՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ չի տեսել այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ լինի կամ կարող է լինել. «Ես տեսնում եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են բարձր գնահատական, և  այն, ինչ կատարվել է Հայաստանում, ողջունել են»:

Նախարարը մանրամասներ չհայտնեց ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների և վարչապետի հանդիպումից:

«Եթե հանդիպումը փակ է եղել, ապա դրա հետ կապված որևէ տեղեկատվություն չեմ կարող փոխանցել, բայց ֆորմատն այնպիսին չի եղել, որ որևէ մտահոգություն հնչի: Բնականաբար, նման դեպքերում ներկայացվում է, թե ինչ պրոցես է, ինչի մասին է, ինքս այդ հանդիպմանը մասնակցել եմ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս