«Հանրաքվեի համար նախատեսված 7 մլն դոլարով բանակի համար կարող էր գնվել 14 մլն փամփուշտ. հիմա ո՞վ է զինվորի հացը ուտում». Լիլիթ Թումանյան

Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեին, այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանն ասաց, որ այն բացարձակապես իրավական պրոցես չէ, բացարձակապես քաղաքական պրոցես է, ըստ այդմ՝ պետք է տալ քաղաքական գնահատականներ:

«Սա մի պրոցես է, որը կազմաքանդում է պետության հիմքերը՝ որպես ժողովրդավարական պետություն: Մենք տեսնում ենք այն գործընթացը, որի ընթացքում մենք կորցնում ենք բոլոր այն ինստիտուտները, որոնք ապահովում են մեր երկրի ժողովրդավարականությունը և սահմանադրականությունը: Մենք տեսնում ենք իշխանության տարբեր ճյուղերի սերտաճում, ուզուրպացում, կենտրոնացում մեկ անձի և մեկ քաղաքական իշխող ուժի ձեռքում, ժողովրդական հիմունքների վերացում, օրինականության հիմքերի վերացում: Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց, շատ հնարավոր է, որ այս տխրահռչակ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո մենք այլևս իրավունք չունենանք միջազգային հանրության համար հանդիսանալ ժողովրդավարական, օրինական պետություն: Հենց դրանում են կայանում քաղաքական հետևանքները: Արդյո՞ք մենք պատրաստ ենք կրել տնտեսական հետևանքները, որովհետև քաղաքականապես և իրավականորեն չճանաչված պետությունը, որը աստիճանաբար կզրկվի իր բոլոր տեսակի ձայներից, անդամակցություններից, կսկսի նաև զրկվել միջազգային տրանշերից, տնտեսական ներդրումներից»,- ասաց Թումանյանը։

«Պարզ հարց տամ․ այն գումարը, որը նախատեսված է հանրաքվեի անցկացման համար, եթե իսկապես 7 մլն դոլարի մասին է խոսքը, եկեք հաշվարկենք, թե ինչ կարելի էր գնել այդ գումարով, և որքանով էր դա առաջնահերթ։ Հանրաքվե անցկացնե՞լն է հանրապետության համար առաջնահերթ, թե՞ օրինակ՝ 500 բնակարանը, որովհետև 7 մլն դոլարով Գյումրիում կարելի է 500 բնակարան գնել»,- հարց ուղղեց Լ. Թումանյանը։

Նրա ներկայացմամբ՝ 7 մլն դոլարով բանակի համար կարող էր գնվել 14 մլն փամփուշտ:

«Չեմ ասում զինվորի հացի մասին, հարց եմ տալիս՝  հիմա ո՞վ է զինվորի հացը ուտում, ո՞վ է մարդկանց բարեկեցության հաշվին վերաձևում Սահմանադրական դատարանը՝ սեփական քիմքին հաճելի դարձնելու համար»,- ասաց նա և հավելեց, որ ճիշտ չէ, որ ցանկացած նոր իշխանություն փոփոխի Սահմանադրությունը, քանի որ իրավական, քաղաքական առումով դա վատ նշան է։

Լիլիթ Թումանյանը նշեց, որ այն երկրները, որոնք հաճախ են Սահմանադրություն փոփոխում, չեն կարող կայուն, իրավական պետություններ համարվել, սա չկայացածության նշան է։

Ի դեպ, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար, ինչպես նախորդ ընտրություններում, կծախսվի մոտ 2,5-2,7 մլրդ դրամ: Նաև հավելել է, որ նախորդ անգամ բացվել էր 2010 ընտրական տեղամաս, իսկ թե այս անգամ քանիսը կլինի, առայժմ անհնար է ասել:

Նաև նշել է, որ ժամկետը կարճ է, ուստի առայժմ դժվար է ասել՝ խցիկներ կտեղադրվե՞ն, քանի որ դա մեծ ծավալի աշխատանք է ենթադրում: «Բացի հասարակական կազմակերպություններից, որպես դիտորդներ՝ կարող են ներգրավվել նաև կուսակցությունների ներկայացուցիչները, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանական»,- շեշտել է Մուկուչյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս