«Եթե ՍԴ դատավորները թողնեն իրենց գործը, հասնելու են մինչև ՄԻԵԴ». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ իշխանությունները խոսում են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հրատապությունից, սակայն չեն հիմնավորում, թե ինչով է այն հրատապ, սա էլ այն դեպքում, երբ կա Սահմանադրական բարեփոխումների համար ձևավորված հանձնաժողով:

«Արդեն 6-7 ամիս իշխանությունը խոսում է այն մասին, որ Սահմանադրական դատարանում խնդիր կա, և մենք աջակցում ենք, որպեսզի խնդրին իրավական ճանապարհով լուծում գտնվի: Բայց մեկ օրում նախաձեռնել այս հակաիրավական քայլը, որով նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորների հեռացումը, ուղղակի անթույլատրելի էր այդ գործընթացում ներքաշել ամբողջ ժողովրդին: Մենք պարզապես չենք կարող մաս կազմել այդ գործընթացին»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Մանե Թանդիլյանը:

Նա ընդգծեց, որ ԼՀԿ-ն պատրաստակամ է եղել առաջարկելու իր աջակցությունը, սակայն իշխանությունն ընտրել է այլ ճանապարհ:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանում քաղաքացիներին ամենաշատ հուզող հարցը ՍԴ-ի հարցը չէ, կան բազմաթիվ հրատապ ու չլուծված հարցեր:

«Մեր վզին հիմա օրակարգ է փաթաթվել, բայց մենք զբաղվելու ենք մեր օրակարգով, ինչպես միշտ»,- հավելեց նա:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանը, ընդգծեց, որ ցանկացած ժողովրդավարություն՝ առանց իրավական պետության գոյության,  հավասարվում է ամբոխավարության, որը ժողովուրդների դժբախտությունների սկիզբն է:

«Մեր Սահմանադրությունն ուղղակի ամրագրել է, որ մենք, բացի ժողովրդավարական պետություն լինելուց, նաև իրավական պետություն ենք: Մենք արդեն նշել ենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացում խորհրդարանի ներսում եղել են ընթացակարգային կոպիտ խախտումներ: Առաջին՝ առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության՝ հարցը դրվել է լիագումար նիստի քննարկման, որը կոպտագույն խախտում է: Երկրորդ՝ հստակորեն սահմանվում է, որ առաջին ընթերցումից հետո, եթե հարցը չի ընդունվում, ապա այն դուրս է գալիս օրակարգից: Որպեսզի հարցը դրվեր հանրաքվեի, պարտադիր էր, որ երկրորդ ընթերցման ժամանակ հարցը մերժվեր, միայն այս պարագայում հնարավոր կլիներ դիմել ՍԴ և դրանից հետո իրականացնել հանրաքվե: Իշխանության մեր գործընկերները պնդում են, թե՝ որ դիմեին ՍԴ, այնտեղ դատավորներն իրենց լիազորությունների վերաբերյալ չէին կարող որոշում կայացնել, այս դեպքում կարելի էր հանրաքվեի դնել այն հարցը, որ ՍԴ դատավորները չեն կարող իրենց լիազորությունների վերաբերյալ որոշում կայացնել»,- շեշտեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ բովանդակային առումով նույնպես կան բազմաթիվ խախտումներ, սկսած նրանից, որ Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ չի կարելի հակասահմանադրական իրավիճակ ստեղծել, երբ միանգամից մի քանի դատավոր կարող է դուրս գալ աշխատանքից:

«ՍԴ դատավորների նկատմամբ կիրառվում է օրենքի հետադարձ ուժը, որը մեր Սահմանադրությամբ արգելված է , այն համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Նման խախտում, երբ դատավորները թողնեն իրենց աշխատանքը, գնալու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ստանալու են որոշում, համաձայն որի՝ պետք է փոխհատուցում ստանան ՀՀ-ից, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները պետք է վճարեն իշխանությունների սխալների համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս