«Ո՞վ ասաց, որ մարզպետն է ինձ ասել, թե՝ դիմում գրիր». Մեղրաձոր համայնքի նախկին համայնքապետը՝ աշխատանքից ազատվելու պատճառի մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Մեղրաձոր համայնքի արդեն նախկին համայնքապետ Կառլեն Հովհաննիսյանին ասել է, որ ազատման դիմում գրի և հեռանա:

Նշենք, որ Կառլեն Հովհաննիսյանը 15  տարի ղեկավարել է Մեղրաձոր համայնքը:   2017 թվականին, համայնքների խոշորացումից հետո, նա կրկին վերընտրվել  էր:

168.am-ի հետ զրույցում Կառլեն Հովհաննիսյանն ասաց, որ նման բան չկա:

«Ո՞վ ասաց, որ մարզպետն է ինձ ասել, թե՝ դիմում գրիր: Աշխատանքից ազատվելու դիմում գրել եմ՝  առողջական խնդիրներից ելնելով»,- մեզ հետ զրույցում նկատեց Կառլեն Հովհաննիսյանը:

Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարը հաջողություն մաղթեց ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հարությունյանին՝ առանձնացնելով կարևոր այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

«Համայնքում կա ճանապարհների վերանորոգման խնդիր: Աղավնաձորում էլ  մանկապարտեզի գույքի հարցերը պետք է լուծվեն, իսկ մնացած աշխատանքները ժամանակի ընթացքում, կարծում եմ՝ կկատարվեն»,- եզրափակեց Կառլեն Հովհաննիսյանը:

Հավելենք, որ Մեղրաձոր համայնքը ներառում է Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ և Փյունիկ գյուղերը: Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 –ին՝ ՀՀ Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։

Տեսանյութեր

Լրահոս