«Արցախում միջամտություններ առհասարակ չեն կարող տեղի ունենալ, ավելին՝ նման բան անելը ճիշտ չէ». Դավիթ Բաբայան
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իմ իմանալով՝ վաղուց ընկերական հարաբերություններ ունի Ալեքսանդր Քանանյանի հետ։ Հիմա եթե հանդիպում ու ներքաղաքական հարցեր են քննարկում՝ արդեն իրենց գործն է, բայց չեմ կարծում, որ Արցախի ներքաղաքական հարցերին ու առաջիկա ընտրություններին միջամտություն լինելու է։ Բացի այդ, չեմ կարծում, որ այդ միջամտությունը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախի ներքաղաքական կյանքում, որովհետև Արմեն Գրիգորյանն Արցախից է, և նրանց հանդիպումը կարող է լինել պարզապես զրույց երկու ընկերների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի օրերս հրապարակած հոդվածներից մեկի բովանդակությանը։
Հիշեցնենք՝ թերթը գրել էր, որ Արմեն Գրիգորյանը և նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Ա. Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ: «Մի քանի օր առաջ Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի զինակից Ալեքսանդր Քանանյանին, ով վերջերս հացադուլ էր անում Քարվաճառում։ Քայլը քաղաքական էր՝ ուղղված Արայիկ Հարությունյանի դեմ, ում անունը հէկ-աշինության հետ է կապվում։ Քանանյանը, ըստ մեր աղբյուրի, հանդիպումից հետո պարծեցել է, որ ներքաղաքական հարցեր են քննարկել, և իրենք ունեն Գրիգորյանի աջակցությունը»,- գրել էր թերթը։
Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Արցախում միջամտություններ առհասարակ չեն կարող տեղի ունենալ, ավելին՝ նման բան անելը ճիշտ չէ, քանի որ Արցախն ինքնուրույն երկիր է, և ամենակարևորը՝ հայությունը, Մայր Հայաստանը միշտ պետք է պահպանեն Արցախի սուբյեկտայնությունը, առավել ևս, որ միջամտությունները չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ Արցախի համար»։
Ըստ նրա՝ Արցախը փոքր երկիր է, բոլորը միմյանց ճանաչում են, ով ում կողքին կանգնի և գովազդի՝ այդ ամենը չի կարող մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Արցախում ընտրությունները թեժ են անցնելու. «Օրինակ՝ մեր կուսակցությունը չի վախենում թեժ պայքարից, միշտ ասել ենք մի բան՝ բոլորս մեկը մյուսին մրցակիցներ ենք, բայց չպետք է դառնանք թշնամի, այս նուրբ սահմանը չպետք է անցնենք, կարծում եմ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը չպետք է անցնի։ Մենք ասում ենք՝ մեր թրերը սուր են, վահանները՝ ամուր, աչքերը՝ սուր, հոգիներս՝ մաքուր, այսինքն՝ մենք որևէ մեկի նկատմամբ թշնամանք չենք ցուցաբերելու, բայց ցանկացած թշնամական արարք կասեցնելու ենք այնպես, ինչպես պետք է»։