«Մեհրիբան Ալիևայի դիրքերն ուժային կառույցներում թույլ են. սահմանին էսկալացիայի գնալը ռիսկային է». ադրբեջանագետ

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցել է ընտրողների 47,81%-ը։ Նախնական արդյունքներով՝ առաջատարը «Նոր Ադրբեջան» կուսակցությունն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց՝ ընտրություններն անցել են բազմաթիվ կեղծիքներով, բռնություններով և ճնշումներով, ավելին, երկու վստահված անձի մահ է արձանագրվել:

«Եթե խոսենք Իլհամ Ալիևին այլընտրանքից, ապա կամ իսլամիստները պետք է լինեն, կամ ծայրահեղ ազգայնականները, քանի որ ասպարեզում այս պահին ավելի լիբերալ կամ լայնախոհ ուժեր չկան, որոնք կարող են հավակնել իշխանության գալուն: Սա ավտորիտարիզմի խորացման մեկ այլ քայլ է: Այսպիսի կատակ կա Ադրբեջանում՝ ֆորմալ առումով հաղթեց «Նոր Ադրբեջանը», բայց իրականում՝ Մեհրիբանի ադրբեջանական կուսակցությունը: Նախագահի աշխատակազմ ևս ամբողջությամբ Ալիևային մոտ կանգնած կադրերն են գալիս, ինչը խոսում է այն կանխատեսման օգտին, որ իշխանությունն Ալիևը պատրաստվում է փոխանցել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային»,- նշեց ադրբեջանագետը՝ ակնարկելով, որ ԼՂ հարցի կարգավորման հարթությունում միջազգային հարթակներում հայկական կողմը կարող է ցույց տալ այն հսկայական անջրպետը, որը գոյություն ունի Արցախի և Ադրբեջանի միջև, թեպետ, ըստ նրա, լավ կլիներ, եթե գործ ունենայինք արժեհամակարգով մեզ ավելի մոտ պետության հետ:

Այս համատեքստում Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ արցախյան հարցն այն աստիճանի չշահարկվեց ադրբեջանական ընտրություններում, ինչպես ակնկալում էր:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ադրբեջանագետը նշեց՝

Մեհրիբան Ալիևայի դիրքերն ուժային կառույցներում թույլ են, ուստի սահմանին էսկալացիայի գնալը նրանց համար ռիսկային է:

Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց, որ խոսել են գերազանցապես հումանիտար միջոցառումների մասին: Ենթադրում է, որ լրագրողների այլ փոխայցերի մասին ևս խոսակցություն եղել է, ինչպես նաև՝ անդրադարձ բանակցային սեղան Արցախի վերադարձի հարցին:

Տաթևիկ Հայրապետյանը վստահեցրեց, որ Ադրբեջանում փախստականների վերադարձի մասին խոսակցություններ չկան՝ ՀՀ-ում համապատասխան պնդումները համարելով անհեթեթ:

«Ռեալ որևէ խոսակցություն չկա, ընդհակառակը՝ Ադրբեջանում կա քննադատություն իրենց ԱԳ նախարարի հասցեին, որ նա անհաջող է վարում բանակցությունները և ամբողջությամբ ենթարկվում է ՀՀ-ի առաջ քաշած օրակարգին»,- ընդգծեց ադրբեջանագետը՝ լրացնելով, որ այս պահի դրությամբ Մամեդյարովի դիրքերն այնքան էլ ամուր չեն:

Տեսանյութեր

Լրահոս