Հայաստանում խաթարված սահմանադրական կարգը մի օր վերականգնվելու է, բայց գործող նախագահն այլևս ի զորու չէ դերակատարություն ունենալ այդ գործընթացում. Ռուբեն Մելիքյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց ստորագրել հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը` առկա հնարավորություններից ընտրելով վատագույն տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ մեր երկրում լրջորեն խաթարված է սահմանադրական կարգը:
«Անտեսելով մասնագիտական ու քաղաքացիական ծանրակշիռ փաստարկները, հաշվի չառնելով Եվրոպայի խորհրդի ներկայացրած պահանջը՝ խիստ վիճելի նախագիծը Վենետիկի հանձնաժողով կարծիքի ուղարկելու մասին՝ Հանրապետության նախագահն այնուհանդերձ որոշեց ստորագրել հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Կտրականապես չեմ ընդունում այն պնդումը, որ հրամանագիրը ստորագրելուց բացի՝ նախագահն այլ հնարավորություն չուներ։ Ուներ, բայց ընտրեց վատագույնը։
Ամեն դեպքում, փաստ է, որ մեր երկրում լրջորեն խաթարված է սահմանադրական կարգը, զուգահեռաբար՝ ամբողջ թափով ընթանում է ընդդիմախոսների, չհամաձայնվողների նկատմամբ ատելություն ու թշնամանք գեներացնելու գործընթաց, որը նոր շունչ ստացավ «շնաբարո դուրսպրծուկներ» ու «հակապետական ուժեր» վարչապետական ազդանշաններով։
Այս պայմաններում պնդել, որ Հանրապետության նախագահի լիազորությունը սոսկ տեխնիկական էր և անայլընտրանք, պարզապես նշանակում է հրաժարվել Հանրապետության նախագահի ծանր ու պատասխանատու առաքելությունից։ «Դե ֆակտո» հանրաքվեով լինի թե մեկ այլ ճանապարհով՝ խաթարված սահմանադրական կարգը մի օր վերականգնվելու է։
Սակայն Հանրապետության գործող նախագահն այլևս ի զորու չէ դերակատարություն ունենալ այդ գործընթացում, իսկ այդ ինստիտուտի դերը, որպես ծայրահեղությունները հարթող, վճռական պահին խաթարված իրավակարգը ճիշտ հուն վերադարձնող, ցավոք, այլևս զրոյական է»։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: