Բաժիններ՝

«Հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգաիթում ու Արցախում». Քերոլայն Քոքս

Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել.

«2020թ. փետրվարի 5-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Մոռացված փախստականներ. ինչ պատահեց Բաքվի հայերին» վերտառությամբ խորհրդաժողովը, որը հյուրընկալել էր Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր, կիպրացի Կոստաս Մավրիդիսը: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի (EAFJD) կողմից:

Միջոցառման բանախոսներն էին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իր մարդասիրական գործունեությամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը, Բաքվի ջարդերի վերապրածներ՝ իրավապաշտպան, ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թըրքոթը և Բրյուսելի բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիթ Բաբաևը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ տեղի ունեցած այսպիսի դեպքերի հիշատակումը վրեժխնդրություն չէ, այլ հարգանքի տուրք զոհերի հիշատակին և արդարության վերականգման կոչ:

ԵՄ-ում ՀՀ ՄՆ ղեկավար, դեսպան Թ. Մարգարյանն իր բացման խոսքում անդրադարձավ, ի պատասխան ազատության ու անկախության համար Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարի, ադրբեջանական ռեժիմի կողմից մասնավորապես Բաքվում ու Սումգաիթում իրականացված ջարդերին, դրանց հետևանքով հարյուր հազարավոր հայերի տեղահանությանը, ովքեր փրկվելով իրենց սպառնացող անմիջական ֆիզիկական վտանգից, ապաստան են գտել աշխարհի տարբեր անկյուններում: Դեսպան Մարգարյանն անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի կողմից 1988-1991թթ. ընդունված՝ Ադրբեջանի կողմից ԼՂ դաժան շրջափակումը վկայող և Բաքվի, Սումգաիթի կոտորածները դատապարտող բանաձևերին՝ վկայակոչելով Բաքվի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետի ուղերձը, որում նա երախտագիտությունն է հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել ու փաստագրել են այդ իրադարձությունները՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:

Դեսպան Մարգարյանն ընդգծեց, որ Ադրբեջանում հայերի կոտորածներն առաջին զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումներն էին Եվրոպայում Սառը պատերազմի ավարտին: Դրանց անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում նոր սոսկալի հանցագործությունների համար, որոնց միջազգային հանրությունը ականատես եղավ 2012թ. Ռամիլ Սաֆարովի ազատման ու հերոսացման, Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված անմարդկային գործողություններում: Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ փաստերի ժամանակագրությունը գլխիվայր շրջելու, դրանք աղավաղելու ու պատմությունը վերաշարադրելու ջանքերին ու քարոզչությանը՝ դեսպան Մարգարյանն ընդգծեց դրանց համարժեք հակադարձելու, դեպքերը ճշմարտացիորեն ներկայացնելու կարևորությունը, ինչն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու անվտանգության ապահովման հետ:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց եվրոպական ժողովրդավարության սրտում՝ Եվրոպական խորհրդարանում նման միջոցառման կազմակերպման ու հակահայկական ջարդերին անդրադառնալու կարևորությունը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսն իր ելույթում շեշտադրեց այն հանգամանքը, որ հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգաիթում ու Արցախում և այն պետք է ճանաչվի՝ անպատժելիությանը վերջ դնելու համար: Մյուս երկու բանախոսներ Ա. Թըրքոթը և Դ. Բաբաևը, որպես ողբերգական օրերի ականատեսներ, ներկայացրել են իրենց հիշողություններն ու Բաքվից տեղահանության հետևանքով անցած դժվարին ուղին, ինչպես նաև կարևորել ներկայումս հարցի լուսաբանման ու դատապարտման անհրաժեշտությունը: Միջոցառման շրջանակներում խոսքով հանդես է եկել նաև Ադրբեջանից հայ փախստականների միության ղեկավար Սարասար Սարյանը:
Բանախոսություններին հաջորդել է հարց ու պատասխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս