Աղանդավորական կառույցները սկսել են աշխատել երկու կողմի ուղղությամբ. Ալեքսանդր Ամարյան
Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն ահազանգում է՝ աղանդավորական կառույցների ներկայացուցիչները փորձում են համագործակցել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ:
«2005 թվականից բազմիցս բարձրաձայնել եմ, որ աղանդավորական կառույցները ակտիվորեն ներթափանցում են քաղաքական աշխարհ: Դրա հիմքը առաջինը եղել է Ուկրաինայի հեղափոխությունը, որտեղ աղանդավորական կառույցներն իրենց մեծ քանակով՝ մոտ 50.000 հոգի, դուրս եկան փողոց, և հեղափոխության հիմքում հենց իրենք էին, ստացան պաշտոններ, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար, վարչապետ, քաղաքապետ և այլն: Հետագայում դա եղավ Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխության» ժամանակ, երբ 5 հոգի նշանակվեց նախարար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Ամարյանը:
«Հայաստանում, չէի ասի, որ վերնախավը տեղյակ է եղել նրանց գործունեության մասին, բայց նրանք հեշտ ու հանգիստ կարողացան ներթափանցել հեղափոխական շարժման մեջ, ստանալ պաշտոններ: Բոլորին հայտնի է վարչապետի աշխատակազմի պետի տեղակալի այն հայտարարությունը, որ ինքը «Կյանքի խոսքից» է: Բացի դրանից, այնտեղից էր նաև վարչապետի խորհրդականը: Բացահայտվելուց հետո նրանք դուրս են եկել աշխատանքից: Հիմա փորձում են նոր շարժում անել, և այդ նույն կրոնական կառույցները սկսել են աշխատել երկու կողմերի ուղղությամբ՝ իշխանամետ և ընդդիմադիր: Այսինքն, ով շահի, իրենք էլ կշահեն: Հիմնականում խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչներ են: Դրա մեջ մտնում են բոլոր այն կառույցները, որոնց հիմքում դրվում է խարիզմատիկ շարժումը: Այդպիսին են «Կյանքի խոսքը», «Աստծո զինվորները»»,- հավելեց նա:
Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ կա գրանցված և չգրանցված մոտ 100 կառույց, և Հայաստանում դրանց անդամների թիվը 150.000 հոգի է:
«2008 թվականից աղանդավորներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին: Նույնը կատարվում է Արցախում: Կրոնական կառույցներն ակտիվացել են, փորձում են իրենց թեկնածուին անցկացնել: Հիմա նախընտրական շրջան է, անուններ պետք չէ տալ, բայց այդ թեկնածուն իրենց հետ բիզնես գործընկեր է»,- ասաց Ամարյանը՝ վստահեցնելով, որ աղանդավորական կառույցները սկսել են Հայաստանում հողեր գնել, և նրանց կանոնադրությամբ՝ գույքը պատկանում է ոչ թե այստեղի, այլ ամերիկյան կառույցին: Մասնավորապես, ըստ Ամարյանի, Ավետարանական եկեղեցին այդպիսի մեխանիզմով բավականին հողատարածք է գնել:
«Իրենց կանոնադրության 6.1 կետում գրված է, որ Ավետարանական եկեղեցու Հայաստանի մասնաճյուղի գույքը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված կառույցին, այսինքն՝ մեր հողը վաճառում ենք արտասահմանցիներին, ինչը Սահմանադրությամբ արգելված է: Խոսակցություններ կան, որ Գյումրիում սահմանամերձ հողատարածքից ամերիկացիներին էլի հող են վաճառել»,- նշեց նա: