«Քննարկման շրջանակը լայն է եղել». Տիգրան Մուկուչյանը՝ ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր խորհրդարանում հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկել են օրենսդրության հետ կապված առանձին խնդիրներ, քանի որ ԿԸՀ-ի գործառույթները հանրաքվեով կամ ընտրական գործընթացով ծագում են այն ժամանակ, երբ տեղի են ունենում որոշակի գործողություններ: Այժմ, երբ հանրաքվեն դեռևս տեղի չի ունենում, ընտրական հանձնաժողովը, ըստ Մուկուչյանի՝ չունի որևէ գործառույթ:

«Մեր քննարկումները վերաբերում էին ոչ միայն «Հանրաքվեի մասին» օրենքին, այլև Ընտրական օրենսգրքին, որոնք կիրարկվում են ԿԸՀ-ի կողմից: Այսինքն՝ մեր քննարկման շրջանակը շատ լայն է եղել: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ապա դրա նշանակվելուց հետո մենք՝ որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես միշտ՝ կիրականացնենք մեր գործառույթները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա գործող «Հանրաքվեի մասին» օրենքում հանրաքվե անցկացնելու օրերն ավելի շատ են, քան նախատեսված է արտահերթ ընտրությունների դեպքում:

Տ. Մուկուչյանը դժվարացավ ասել, թե ինչ անվանումով է շրջանառության մեջ դրվելու սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քվեաթերթիկը: Նա դժվարացավ նաև նշել, թե նախագահի ստորագրելուց հետո ե՞րբ պետք է մեկնարկի հանրաքվեի անցկացումը: Նրա կարծիքով՝ կոռեկտ չէ, որ դա ասի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նա միայն ասաց, որ օրենքում ամրագրված դրույթի համաձայն՝ հանրաքվե պետք է անցկացվի 50-65 օրում:

Հարցին՝ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է ԿՀԸ-ի նախագահին, այսօր ինչպե՞ս է ստացվում նրա և վարչապետ Փաշինյանի համագործակցությունը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է անկախ մարմին, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և օրենսգրքով.

«Մենք աշխատել ենք՝ միշտ հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները»,- ընդգծեց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Եթե նախագիծը ՀՀ նախագահը ստորագրի, ապա Սահմանադրական փոփոխությունների հետ կապված անցկացվելու է հանրաքվե:

Տեսանյութեր

Լրահոս