«Չեմ բացառում, որ մի օր էլ իշխանություններն ասեն՝ եթե հիբրիդային հեղաշրջում են անում, մենք էլ հիբրիդային հակահեղաշրջում անենք». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման հետ կապված՝ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության ելույթները վկայում են այն մասին, որ հիմնական մարտավարությունը լինելու է այն, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում` պայքար է սևերի ու սպիտակների միջև, «վերջին բաստիոնն է ռևանշիստների», և այլն։

«Քաղաքական ռեպերտուարների հիմնական մեսիջը լինելու է այն, որ ցույց տան, թե իրենք շարունակում են պայքարել հեղափոխության համար. տեխնոլոգիայի տեսանկյունից սա հասկանալի է արդեն, այլ բան չկա։ Իշխանությունները հասկանում են, որ հանրության ստվար զանգվածների համար Սահմանադրական դատարանի խնդիրը բացարձակապես առաջնային պլանի բան չէ, քանի որ ՍԴ-ի մասին հանրությունը սովորաբար իմանում է ընտրություններից հետո»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը վերջին պահին որոշեց սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցը թողնել ժողովրդի վրա։

Ըստ քաղտեխնոլոգի՝ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընկալումը, վարկանիշը տարբերվում է 2020 թվականի Փաշինյանի վարկանիշից, և այս առումով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը նաև լինելու է վստահության հանրաքվեի նման, ինչը կարևոր հանգամանք և կարևոր մոտիվացիա է իշխանության և ընդդիմության համար։
«Միշտ դեմ եմ եղել, որպեսզի սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի, որովհետև ժողովուրդը դրանից գլուխ չի հանում, քանի որ այն բարդ ու մասնագիտական մատերիա է»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Հաջորդ հարցին՝ դատելով երեկվա Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավորների ելույթներից, հանրաքվեի ժամանակ կրկին շեշտը դրվելու է՝ նախկին իշխանությունների հնարավոր վերադարձի մասին վախեր տարածելով, այս տեխնոլոգիան կաշխատի՞, և որքա՞ն պետք է իշխանությունը փորձարկի այս գործելաոճը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց՝ դա այն «ստրաշիլկեն» է, որը Նիկոլ Փաշինյանը 1 տարի 8 ամիս օգտագործում է.

«Այս ամենն իշխանությունը կարող է օգտագործել այնքան ժամանակ, մինչև իշխանության իրական այլընտրանքը չուրվագծվի, և ժողովուրդն ընտրության հնարավորություն չունենա՝ ոչ միայն ներկայիս ու նախորդ իշխանությունների, այլև՝ ներկայի և ապագայի միջև։ Եթե ընդդիմադիր դաշտում այն ուժերը, որոնք կապված չեն ոչ ներկայիս, ոչ անցյալի քաղաքական ուժերի հետ, կարողանան ընկալելի լինել՝ որպես ապագայի քաղաքական ուժ, ապա նախկինների վերադարձի տեխնոլոգիան կարող է չաշխատել։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ դժվար է դարձել միայն այդ դաշտում խաղալ, և պարզ է, որ իշխանությունը միշտ ձգտելու է նման բան անել։ Չեմ բացառում, որ մի օր էլ իշխանություններն ասեն՝ եթե հիբրիդային հեղաշրջում են անում, մենք էլ հիբրիդային հակահեղաշրջում անենք. այս ամենն ընդամենը տեխնոլոգիա է, երբ նոր ուժերը կայանան, խաղի ոճը, ռեպերտուարը միանգամից փոխվելու է»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս