Հանրաքվեն կարող է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս տարի հայաստանյան ներքաղաքական դաշտում սպասվում են լուրջ վերադասավորումներ, մասնավորապես՝ վերադասավորոմներ կլինեն ընդդիմադիր դաշտում: Այս ամենը պայմանավորված է օբյեկտիվ իրողություններով, քանի որ ներկայիս իշխանության պաշտոնավարման ժամկետը կիսվում է:
«Ընդդիմադիր դաշտում առաջին հատվածը, բնականաբար, կազմված է լինելու նախկին իշխանության ներկայացուցիչներից՝ հանրապետականներ, Դաշնակցություն, մասամբ՝ ԲՀԿ: Երկրորդը՝ նոր ձևավորվող քաղաքական ուժերն են, որոնք ստեղծվել են 2018-2019 թվականների ընթացքում՝ «Ազգային օրակարգ», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, հայտ ներկայացրեց նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: Երրորդ հատվածն այն ուժերն են, որոնք հեղափոխության հետ են, բայց դժգոհ են հեղափոխությունից՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, ՔՈ կուսակցությունը և այլն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգը:
Նրա կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանում՝ կապված Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հետ, ավելի է կատալիզացնելու իրավիճակը և ձևավորում է ընդդիմադիր դաշտ, որի շուրջ իրադարձությունները կարող են արագանալ:
«Կար օրակարգ, և եթե դեմ են Սահմանադրական փոփոխություններին և «ոչ» են ասում դրան, ապա դա հնարավորություն է տալիս արագ կազմակերպվելու, ինքնակազմակերպվելու, կոալիցաներ ձևավորելու, ինչը բերելու է նրան, որ գործընթացներն արագանալու են: Կարծում եմ՝ սա նաև հնարավորություն է տալիս ընտրել ստրատեգիան, թե ինչպես պետք է աշխատեն այս հանրաքվեի ընթացքում: Չնայած մեկ օր է անցել որոշումից, բայց արդեն կան մի քանի տարբերակներ՝ բոյկոտի, ակտիվ հակազդելու և այլն»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ որքանով էլ իշխանությունը տոնի իր հաղթանակը՝ կապված հանրաքվե անցկացնելու որոշման հետ, այդուհանդերձ կան լուրջ խնդիրներ, քանի որ պատգամավորների ներկայացրած առաջին նախագծով հանրաքվե անցկացնելու մասին խոսք չկար, այլ պետք է հարցը միանգամից լուծեին խորհրդարանում: Սակայն որոշ հանգամանքներից ելնելով, այդ թվում՝ արտաքին ճնշումներով պայմանավորված, որոշել են հանրաքվեի տարբերակն ընտրել, ինչը կարող է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել, որովհետև Հանրաքվե անցկացնելու մասին օրենքի համաձայն՝ մոտավորապես 650 հազար «կողմ» ձայն պետք է հավաքվի, որպեսզի հանրաքվեն կայանա:
«Եթե ամեն ինչ գնա իր հունով, ՀՀ նախագահը ստորագրի նախագիծը, ապա, ըստ էության, յուրաքանչյուրը՝ «այո»-ի և «ոչ»-ի թիմը կունենա իր գլխացավանքը, քանի որ իրավիճակից ելնելով՝ պետք է ընտրի տակտիկա»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը: