Քաղաքական պահանջների իրավական ձախողումները․ ՀՀ-ում մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի շահը սպասարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի: Դրանից առաջ էլ ԵԽԽՎ-ն էր խրատական հայտարարություն տարածել:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը երեկ պոռոտախոսում էր, թե իշխանությունների դեմ ոչինչ չի խոսվել, պետք չէ ուռճացնել: Ընդդիմադիրներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ճիշտ հակառակ դիրքորոշումը հայտնեցին՝ հայտարարելով՝ Եվրոպան նախազգուշացնում է իշխանությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել, ու Հայաստանը այդ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է, փոխարինող, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին գործող իշխանությունն է «գործուղել» եւ ԵԽԽՎ-ից էլ ԱԺ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Եթե Գ. Հարությունյանի եւ Վ. Պողոսյանի դեպքում իրավիճակը պարզ է, ապա անհասկանալի է, թե Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը ինչով են զբաղված Վենետիկի մասնագիտական հանձնաժողովում: Նրանք պարտավոր են ՀՀ լեգիտիմ իշխանության տեսակետը, քայլերի տրամաբանությունը ընկալելի եւ ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ: Բայց, կարծես թե, նրանց չի հաջողվել կարծիք փոխել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` ինչու: Վարդանյանը մեր հեռախոսազանգերին կտրականապես չպատասխանեց, իսկ Արա Խզմալյանն էլ հրաժարվեց մեկնաբանել:

Ըստ ամենայնի, մենք կրկին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ՀՀ-ում մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի շահը սպասարկել: Արդյունքում Եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում, եւ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին. նախօրեին նա հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նախագահի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս