Իրավական քաո՞ս, թե՞ «ինֆորմացիոն բլեֆ»

ՀՀ գործող իշխանություններն արդեն բացահայտ չեն թաքցնում, որ իրենց նպատակն է՝ դատական համակարգում սեփական քաղաքական նկրտումները. ամեն գնով պետքէ ազատվել Հրայր Թովմասյանից: Օրերս անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «այս ամենը շատ շուտով կհանգուցալուծվի»:

Դրանից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ հստակ ժամանակ էին նշել՝ ավելի կոնկրետ՝ այդ ամենը կհստակեցվի առաջիկա 1-2 ամսում և այդ թեման մեկընդմիշտ կփակվի: Ոմանք նույնիսկ նշել են, թե ՍԴ մի քանի դատավորներ օգտվելու են վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից: Սրան գումարվում են խոսակցությունները սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ն ցրելու մասին:

Ըստ ամենայնի՝ նման հիպոթեզեր առաջ քաշելով, իշխանությունները դիմում են բացահայտ մանիպուլյացիայի, կամ «ինֆորմացիոն բլեֆի»՝ դասական կիառում, որի նպատակն է մի կողմից ձևավորել հանրային կարծիք, մյուս կողմից՝ ազդել ՍԴ դատավորների որոշման վրա:

Ամենայն հավանաանությամբ, իշխանությունները ՍԴ-ն ցրելու ճանապարհով չեն գնա, քանի որ անհանգստացած են միջազգային կառույցների ակնկալվող սուր արձագանքից, որը և չուշացավ:

Իշխանական դաշտից Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ մտահոգություններ են հնչում այն մասին, որ երբ փոփոխությունների նախագիծն ուղարկվի Բարձր դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու նպատակով, այս կազմով ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի Սահմանադրությանը հակասող։

Այս մտավախության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսանում այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է լուծվի Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Այս քննարկումների ֆոնին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։

Այդ նախագծով անտեսվում է ՍԴ պարտադիր դիմելու իրավական կարգավորումը և այդ ֆունկցիաներն իր վրա է մեխանկիորեն վերցնում խորհրդարանը: Սրանից իր հերթին բխում է, որ այստեղ գործ ունենք արդեն քաղաքական բաղադրիչի հետ, քանի որ խորհրդարանը, լինելով քաղաքական մարմին, պարտավորություն է ստանձնում քննարկել այս կամ այն հարցը իրավականությունն ու սահմանադրականությունը: Այս գործընթացը չի կարող չառաջացնել բացահայտ կազուս, քանզի խորհրդարանում իրականցված յուրաքանչյուր որոշում բացահայտ ունի քաղաքական ենթատեքստ:

Ըստ էության՝ ներկայացրած նախագծում օրենսդրական նախաձեռնություն չկա. դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, որի նպատակն է Սահմանադրական դատարանը թողնել խաղից դուրս: Ըստ ամենայնի՝ փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն կանցնի՝ իր հետ բերելով լրջագույն հետևանքներ և ծանր ձևախեղումներ:

Իշխանությունը նմանօրինակ նախագծերով շարունակում է շրջանցել Սահմանադրական դատարանը:

Մի առանցքային դրվագ. երբ օրվա իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել և ամեն կերպ շրջանցում են ՍԴ-ն, այս ամենը դասական պետական հեղաշրջում է, ուրիշ ոչինչ: Այս գործընթացն ակնհայտ հակասահմանադրական է և իրավական լուրջ նորմերի հետ ոչ մի աղերս գործնականում չունի:

Փաստն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծերի սահմանադրականությունը քննարկում է ՍԴ-ն, և այս հարցում ՍԴ-ին արհամարհելով իշխանությունները փաստացի իրավական մարտահրավեր են նետում ողջ իավական համակարգին, քանի որ դրանից հետո տեղի ունեցող գործընթացները չունեն սահմանադրական կշիռ:

Առաջին հայացքից էլ պարզ էր, որ ՍԴ շուրջ տեղի ուեցող անհասկանալի ու անբռնազբոս գործընթացները չէին կարող վրիպել միջազգային կառույցների աչքից և արձագանքները չուշացան:

Նախ օրեր առաջ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգություն հայտնեցին հայաստանյան ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ: «Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակով», – հայտարարել էին ԵԽԽՎ ՀՀ մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն:

Իսկ արդեն նախօրեին ՀՀ իրավական վակխանալիայի վերաբերյալ իր տեսակետը հնչեցրեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Նա մասնավորապես նշել է. «Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ», – ասել է նա:

Հատկանշականն այն է, որ այս ակնհայտ «դեղին քարտերից» հետո, որոնք ցույց տրվեցին միջազգային կառույցների կողմից բացահայտ հակաժողովրդավարական ոտնձգությունների վերաբերյալ, իշխանական քարոզիչներն ու սատելիտները անհասկանալի մեկնաբանություններով ու զազրախոսություններով են զբաղված՝փոխարենը վերլուծեն և հասկանան իրավիճակի լրջությունը:

Վերոնշյալ իրադարձություններից ու քայլերից հետո միանշանակ պարզ է դառնում, որ օրվա իշխանություններն այս մարտավարությամբ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս