«Ամբողջ աշխարհը հիանում է մեզնով, իսկ Հայաստանում որոշ մարդիկ այնպես են ներկայացնում, կարծես 37 թիվն է». Տաթևիկ Հայրապետյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ.
– Տիկին Հայրապետյան, երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն բավականին կոշտ ձևակերպումներով հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հետևություններ անո՞ւմ եք, և ի՞նչ քայլեր եք անում, որպեսզի եվրոպական այսպիսի կառույցներից նման գնահատականներ չհնչեն:
– Կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչո՞ւ եք Բուքիքիոյի հայտարարությունները որակում կոշտ և ո՞ւմ է ուղղված այդ կոշտությունը: Բուքիքիոն վերահաստատում է այն, ինչ օրերս հրապարակվել էր համազեկուցողների հայտարարության մեջ, որ առկա է ճգնաժամ: Ավելին, համազեկուցողները նշել են, որ մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել, որ հակասում է իրավականությանը, և միևնույն ժամանակ՝ արձանագրել, որ անհրաժեշտություն կա դա լուծելու, և Հայաստանի իշխանությունները պետք է հավատարիմ մնան արդեն նախկինում որդեգրած իրենց քաղաքականությանը և մնան իրավական դաշտում:
– Անտեղի նման հայտարարությո՞ւն են անում, ոչ մի խնդիր չկա՞:
– Խնդիր, իհարկե, կա, բայց մենք էլ ենք, չէ՞, ասում՝ խնդիր կա, բա ինչո՞ւ ենք լուծում փնտրում: Եթե խնդիր չլիներ, ոչ մենք կխոսեինք, ոչ պարոն Թովմասյանը, ոչ Բուքիքիոն, ոչ էլ համազեկուցողները: Խնդիր կա, և, բնականաբար, իրենք ոչ միայն մեր դիտարկումներն են լսում, այլև մյուս կողմի դիտարկումները, որը բնական է, և անում իրենց հայտարարությունները: Ես չեմ կարծում, որ այս հայտարարությունները պետք է ինչ-որ մեկին շատ դուր գան, և ինչ-որ մեկին ընդհանրապես դուր չգան: Այս հայտարարություններում, կարծում եմ՝ ուղերձներ կան բոլոր կողմերին, և ԵԽ տարբեր մարմինների կողմից կա գիտակցում, որ այս խնդիրը հանգուցալուծման կարիք ունի: Խնդիրն այն է, որ մեր հետագա քայլերը, ինչպես, օրինակ՝ եղել է վաղ կենսաթոշակի օրինագիծը, ևս համապատասխան ձևով համաձայնեցված լինեն Վենետիկի հանձնաժողովի կամ համապատասխան մարմինների հետ:
– Այսինքն՝ չպարտադրեք դատավորներին՝ գնալ թոշակի:
– Բայց չենք էլ պարտադրել, որ պարտադրեինք՝ արդեն գնացած կլինեին թոշակի:
– Շատ անկեղծ եք:
– Իրականում ոչինչ չենք պարտադրել: Միգուցե նրանց պարտադրում են, որ չգնան, այ դա արդեն հարց է: Եկեք՝ մի պահ մեզ դնենք դատավորների տեղը. իրենց համար բավականին շահավետ օրինագիծ է՝ շահեկան դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից: Ավելին՝ մենք ենք քննադատվել այդ օրինագծի համար, որ մենք պատրաստ ենք այդքան գումար հատկացնել, բայց մենք լուծում ենք առաջարկում:
– ԱԺ կանոնակարգ օրենքը փոխելո՞վ եք փորձում հեռացնել Հրայր Թովմասյանին:
– Ինչո՞վ ենք փոխում: Եթե խոսքն առաջիկա արտահերթի մասին է, ապա եկեք՝ այդ օրինագիծը գա, քննարկման արժանանա, և հասկանանք՝ կա՞ն արդյոք խնդրահարույց դրույթներ: Հեղինակը Վահագն Հովակիմյանն է, սպասենք համապատասխան քննարկման:
– Բայց Հրայր Թովմասյանը ձեզ խանգարում է, նա պետք է հեռանա:
– Մեզ խանգարում է ստեղծված իրավիճակը, մեզ խանգարում է այն, որ Հրայր Թովմասյանը որոշել է ինքն իրենով մարմնավորել ամբողջ դատական համակարգը, որոշել է իր ամբողջ անցած քաղաքական ուղիով հանդերձ՝ փորձել աշխատել, ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը՝ որպես հակաժողովրդական: Ամբողջ աշխարհը հիանում է մեզնով, իսկ Հայաստանում որոշ մարդիկ այնպես են ներկայացնում, կարծես 37 թիվն է: Բոլոր միջազգային չափորոշիչներով մենք թռիչքներ ենք ապրում, իսկ այստեղ ինչ-որ մի խումբ առավոտից երեկո զբաղված է մեզ փնովելով, ընդ որում, հաջողությունները ներկայացնելով՝ որպես անհաջողություններ: Անկեղծ ասած՝ այդ մոտեցումը չեմ հասկանում:
– Դե, օրինակ՝ ընդդիմադիրներին ասֆալտին փռելը ժողովրդավարությո՞ւն է:
– Դե, եթե մարդիկ հանցանք են գործում, բռնելու ժամանակ կարող են մի հատ էլ պառկեցնել, ձեռնաշղթաներ հագցնել:
– «Էրեբունի պլազայում» զենքով մուտք գործած անձին նորմալ նստեցնում են մեքենան, իսկ ընդդիմադիրներին փռում ասֆալտին:
– Ո՞ւմ են փռել ասֆալտին:
– Օրինակ՝ Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին…
– Քանի որ ես երկրում չեմ եղել, հետևեցի արձագանքներին, նույնիսկ Լիլիթ Մակունցն իր մտահոգությունն էր հայտնել՝ ոստիկանության անհամաչափ գործողությունների հետ կապված: Եթե մենք այդ ամբողջի սատարողը լինեինք, դժվար թե մտահոգություն հայտնեինք: Մենք բռնությունը մերժել ենք ի սկզբանե և չենք կարող դրա կողմնակիցը լինել:
– Գուցե իրավապահները հետևում են Նիկոլ Փաշինյանի կոչին՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին:
– Բառացի չի ասում՝ փռեք ասֆալտին, նախազգուշացնում է այն մարդկանց, որոնք հակապետական գործունեություն են ծավալում, այո՛, իրենք պետք է իսկապես զգուշանան:
– Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարեց, որ բանակցային սեղանին այս պահին որևէ թուղթ չկա, այդ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 11 ժամ ինչի՞ շուրջ էին բանակցում:
– Միջավայրի, մթնոլորտի առողջացման շուրջ, ինչո՞ւ է դա անլուրջ թվում հայ հասարակությանը:
– Այսինքն՝ 11 ժամ միջավայրի շուրջ էին բանակցում:
– Բնականաբար: Բա քանի տարի, տեսեք, ինչ իրավիճակ ունենք. դրել՝ թղթեր են քննարկել, ամեն մեկը վերադարձել է իր երկիր, և հատկապես՝ Ադրբեջանում, ասել են՝ չի աշխատում այս լուծումը: Հիմա մենք ասում ենք պարզ բան, ժողովուրդ ջան, մինչև այդ լուծումներին գալը, եկեք՝ մթնոլորտը հասկանանք. Դուք մեզ վրա կրակում եք, դուք մեր դեմ ատելություն եք քարոզում, դուք մեր սպային 2004թ. գլխատեցիք, հետո հերոսացրիք այդ մարդասպանին, ու այս իրավիճակում դուք ուզում եք լուծում քննարկե՞լ: Ավելին, դուք չեք պատրաստվում Արցախի ընտրյալ իշխանությունների հետ մի սեղանի շուրջ նստել, ո՞նց եք համակեցության ձևեր փնտրում: Մինչև այս բարդ պրոցեսները չանցնեն, որևէ լուծում չի կարող աշխատել այս տարածաշրջանում:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում