
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման և ամրապնդման համար:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Սլովենիան՝ որպես փոքր, բայց հաջողակ երկրներ, ունեն լավ հարաբերություններ և դրանք ընդլայնելու ամուր հիմք:
Կարևորելով տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նախագահն ասել է, որ երկկողմ առևտրատնտեսական կապերը դեռևս այդքան լավ զարգացած չեն, դրանք չեն համապատասխանում առկա ներուժին, մինչդեռ դրանք առաջ մղելու շատ հնարավորություններ կան:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն ծավալել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ թվայնացման, արհեստական բանականության ոլորտներում: