Դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայող փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառեց
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսեց նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանների բացակայության և բացակա փաստաբանների նկատմամբ խմբակային դատական սանկցիա կիրառելու հարցերը քննելով:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն անդրադառնալով իր բացակայության մասին հարցին՝ ասաց, որ դատական նիստին չներկայանալն իր կարծիքն արտահայտելու միակ միջոցն էր: Ալումյանի խոսքով՝ դատավորը չի կարողացել հունվարի 9-ի դատական նիստում տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի արտահայտած մտքից հետո իրականացնել համապատասխան գործողությունները՝ հասկանալու՝ արդյոք դրանցում սպառնալիք եղե՞լ է, թե՞ ոչ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ իր բացակայությունը պայմանավորված է եղել իր անվտանգությունն ապահովելու հանգամանքով:
«Ներկա չեմ գտնվել՝ իմ ապահովության անհրաժեշտությունից ելնելով, սպառնալիք է եղել իմ հասցեին դատական նիստում, նիստից հետո՝ միջանցքում»,- ասաց Արամ Օրբելյանը:
Փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ չի ներկայացել գործընկերների ներկայացրած հիմնավորումների պատճառով, ու հավելեց, որ չներկայանալու հիմք է եղել նաև այն, որ որոշում կայացնելիս դատավոր Դանիբեկյանը պատճառաբանություններ չի ներկայացրել:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իր բացակայության պատճառը այն է, որ չի ունեցել տեղեկություն, որ այդ օրը տեղի է ունենալու դատական նիստ: Ըստ Խուդոյանի՝ դատական նիստ ասելով՝ նկատի չունի նիստերի դահլիճում հավաքվելն ու ինչ-որ բան քննարկելը:
«Դատական նիստը ենթադրում է դատական կանոնների պահպանմամբ որոշակի գործընթաց: Այն պահին, երբ համոզվել եմ, որ դատարանն ընկալել է, թե որն է պատշաճ դատական նիստ անցկացնելու կարգը, այդ օրվանից ես որոշել եմ ներկայանալ դատական նիստին»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ «պատշաճ դատական նիստ անցկացնելու կարգ» ասելով՝ նկատի ունի այն, որ դատավոր Դանիբեկյանը որոշել է լսել հունվարի 9-ի դատական նիստում «Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդի արտահայտած միտքը, և որոշել է ճշտել տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանից, թե ինչ է նկատի ունեցել՝ նման արտահայտություն անելով:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը իր բացակայությունը մեկնաբանեց՝ ինչպես իր գործընկերների մատնանշած փաստարկներով, այնպես էլ՝ այն հանգամանքով, որ ինքը երկու անգամ զրկվել է դատական նիստում արտահայտվելու հնարավորությունից:
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ իր բացակայությունը պայմանավորված է դատական նիստում դատական կողմերի անհավասար հնարավորությունների տրամադրմամբ:
Փաստաբան Վարդգես Գևորգյանի խոսքով՝ պաշտպանական կողմի մոտ կարծիք կա, որ դատարանը կա՛մ չի ցանկանում արդարադատություն իրականացնել, կա՛մ չի կարողանում:
Դատավորը որոշեց փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառել՝ նշելով, որ նրանք իրենց բացակայությամբ խափանել են դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ներկա չէին Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները, իսկ Ռ. Քոչարյանը և Ա. Գևորգյանը դատական նիստում այլ փաստաբան ներգրավել չէին կարող:
Պաշտպաններն իրենց բացակայությունը պայմանավորել էին հունվարի 9-ի դատական նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից հետո «Մարտի 1»-ի գործով տուժածի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի ելույթով, որում վերջինս ասել էր.
«Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողի իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ, ես ուզում եմ հարցնել փաստաբաններին, իրենք եթե մեր տեղը լինեին, իրենք իրենց լավ կզգայի՞ն: Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն այլ ելույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրերում»:
Ըստ պաշտպանների` իրենց հասցեին սպանված հարազատներ ունենալու սպառնալիք է հնչել, ու դրա վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում