![](/banners/BeFunky-design.jpg)
«Բաղդատի ավանում անցած գիշեր տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ՝ մի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ չորս երեխա, մենք հրաժարվեցինք բողոքի ակցիաներ անցկացնելուց». Գիգի Ուգուլավա
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003567.jpg)
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երկրի արեւմուտքի Բաղդատի բնակավայրում հրդեհից վեց մարդու զոհվելու կապակցությամբ հրաժարվել են փետրվարի 4-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիաներ անցկացնելուց։
«Բաղդատի ավանում անցած գիշեր տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որտեղ հրդեհի հետեւանքով զոհվել է վեց մարդ՝ մի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ չորս երեխա, մենք հրաժարվեցինք բողոքի ակցիաներ անցկացնելուց»,- լրագրողներին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Նա նշել է, որ ընտրական համակարգը փոխելու՝ իշխանություններին ուղղված պահանջով ընդդիմադիր կուսակցությունների ակցիան կանցկացվի փետրվարի 5-ին: «Մենք պիկետում կկազմակերպենք խորհրդարանի բոլոր երեք մուտքերի մոտ. եւ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից պատգամավորներն ստիպված կլինեն անցնել «ամոթանքի միջանցքով»,- ասել է Ուգուլավան:
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը բացվում է փետրվարի 4-ին: Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ չորս մանկահասակ երեխա եւ երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի բնակավայրում: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկել է Ծերեթելիի փողոցի բնակելի փայտաշեն տանը: Առաջին բրիգադը ժամանել է կանչից երկու րոպե անց, սակայն տունն արդեն լիովին բռնված է եղել կրակով: Կրակը տարածվել է 200 քառակուսի մետրի վրա:
Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղափակելուց հետո գտել եւ դուրս են բերել հինգ մարմին, ներառյալ չորս անչափահասի եւ մեկ կնոջ: Ավելի ուշ գտնվել է տարեց կնոջ մարմին: Արտակարգ պատահարի փաստով կատարվում է հետաքննություն: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: