«Բոլորս ուզում ենք, որպեսզի Քանանյանը և նրան միացած անձը դադարեցնեն հացադուլը». Դավիթ Բաբայան

«Ժողովուրդ» թերթն այսօր իր հոդվածներից մեկում անդրադառնալով Արցախում ընտրություններից առաջ եղած իրավիճակին և քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հացադուլին՝ գրել էր, որ վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես՝ Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող և նոր կառուցվելիք հէկ-երի դեմ պայքար: «Պարզվում է՝ այն խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչական նպատակներ ունի: Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, և ամեն ինչ պարզ է դառնում:

Մասնավորապես, հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանն Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաև 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ: Ու երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է հանդիպել նրան, լսել դժգոհությունը, հրաժարվել է: Ասել է թե՝ Արցախի ԱԳ նախարարը սրում է գնացող նախագահ Սահակյանի հետ հարաբերությունները»,- գրել էր թերթը:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադառնալով Արցախում ընդհանուր իրավիճակին՝ նշեց, որ Արցախում նորմալ իրավիճակ է, արտառոց որևէ բան չկա։

«Կա բավականին մեծ ակտիվություն, տարբեր ուղղություններով քաղաքական ուժերն ակտիվ են աշխատում, և սա ինքնին բնական է։ Բայց այս պահի դրությամբ որևէ մտահոգիչ երևույթ չկա, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, հետևաբար՝ մտածել, որ իրավիճակն ապակայունանում է՝ այդպես չէ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Քանանյանի հացադուլին, Դավիթ Բաբայանը նշեց, որ վերջինս չպետք է վնասի իր առողջությանը։

Դավիթ Բաբայանը նաև տեղեկացրեց, որ Արցախի Կառավարությունն արդեն տարածել է պաշտոնական հայտարարություն՝ մասնագիտական հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ։

«Այդ հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն տարբեր փորձագետներ՝ և՛ Արցախից և՛ Հայաստանից, իսկ Ալեքսանդր Քանանյանը, եթե չեմ սխալվում, պետք է առաջարկի երեք հոգու, այսինքն՝ այս ամենը նշված է Կառավարության որոշման մեջ։ Ցանկացած հարց պետք է կարգավորվի նորմալ մթնոլորտում և քաղաքակիրթ ձևով։ Ինչ վերաբերում է ջրային պաշարների ու գետերի անվտանգությանը, ապա ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ այս գաղափարի հեղինակը հանդիսանում ենք մենք՝ ես և Արցախի պահպանողական կուսակցությունը, որի կարևոր թեզերից մեկն է սա։ Մենք ծրագրեր ունենք, և ըստ այդ ծրագրերի՝ Արցախում որևէ նախագիծ չի կարող իրականացվել՝ առանց էկոլոգիական անվտանգության պահպանման։ Խստիվ արգելվում է որևէ քայլ, որը կարող է վտանգել էկոլոգիան։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ բոլորս պետք է աշխատենք և փորձենք գտնել լավագույն տարբերակները»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Բակո Սահակյանի և Ալեքսանդր Քանանյանի հանդիպման հետ  կապված թերթի տեղեկությանը՝ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ իրեն հայտնի չէ, որ եղել է նման նախաձեռնություն, կամ նախագահ Սահակյանը ցանկացել է հանդիպել Քանանյանին, իսկ վերջինս մերժել է։

«Ես նման տեղեկություն չունեմ, մենք՝ բոլորս, որպես քաղաքական գործիչներ և հասարակ քաղաքացիներ, ուզում ենք, որպեսզի Քանանյանը և նրան միացած անձը դադարեցնեն հացադուլը, քանի որ իրենց առողջությանը կարող է վտանգ սպառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել իր տան բակին կից փոքր հէկ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Նա պահանջագիր է հանձնել Քարվաճառի շրջանի վարչակազմին, որով պահանջում է ոչ միայն փոքր հէկ-երի շինարարական աշխատանքները դադարեցնել, այլև Արցախի բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննող լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծել։

Նշենք, որ Ալեքսանդր Քանանյանին սատարելու համար ևս մեկ հոգի էլ Ստեփանակերտում է հացադուլ հայտարարել։

Տեսանյութեր

Լրահոս