«Այս պահի դրությամբ առաջնային խնդիրը պատվի և արժանապատվության վերականգնումն է». Արմինե Դավթյանը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին
Մարտի 26-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախնական դատական նիստում կքննի ԿԳՄՍՆ նախկին աշխատակցի հայցն ընդդեմ նախարարության: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը աշխատանքից հեռացվել էր հոկտեմբերի 4-ին, երբ ֆեյսբուքյան լայվում խոսել էր «հայելային արտացոլման» մեթոդի մասին և ասել, որ փոքրիկ ապտակը երեխայի համար կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը: Պաշտոնական հիմնավորմամբ՝ Արմինե Դավթյանին աշխատանքից հեռացնելու պատճառը նրա նկատմամբ անվստահությունն և մասնագիտական անհամապատասխանությունն է: Դավթյանը պահանջում է՝ իր ազատման հրամաններն անվավեր ճանաչել, աշխատավարձը բռնագանձել ու վերականգնել իրեն նախկին աշխատանքում: 168.am-ը Արմինե Դավթյանից հետաքրքրվեց՝ իր նախկին պաշտոնին վերադառնալու ցանկություն դեռ ունի՞:
«Ես իմ պաշտոնին վերադառնալու ցանկություն ունեմ, քանի որ ես համարում եմ, որ ունեմ բավարար և՛ գիտելիք, և՛ փորձ, և՛ հեղինակություն, որ վարեմ այդ պաշտոնը, ես վատ աշխատանք չեմ իրականացրել այնտեղ: Շատ ծրագրեր, որոնք կարող էի անել, մնացին անկատար: Այս պահի դրությամբ առաջնային խնդիրը պատվի և արժանապատվության վերականգնումն է: Ես ցանկություն ունեմ վերադառնալու, բայց եթե ղեկավարությունը չի ընդունում, բնականաբար, այդ ղեկավարության հետ համագործակցելը դժվար կլինի: Հուսով եմ, որ իրենք կվերանայեն իրենց որոշումն իմ անձի և իմ մասնագիտական հնարավորությունների նկատմամբ, գուցե հնարավորություն ընձեռեն, մնացածը ժամանակը ցույց կտա»,- ասաց Արմինե Դավթյանը:
ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրենի հեռացման պահանջով ԿԳՄՍ նախարարությանը բաց նամակ էր ուղարկել «Ներառող կրթություն ազգային ասոցիացիան», որտեղ նշում էր, որ ֆեյսբուքյան լայվում Արմինե Դավթյանը ներկայացրել է իր մասնագիտական գործունեության այնպիսի դրվագներ, որոնք առերևույթ պարունակում են երեխաների հետ աշխատանքում ֆիզիկական և հոգեբանական բռնության գործադրմամբ միջամտություններ իրականացնելու խրախուսում, մասնագիտական գործունեության անթույլատրելի ոճ և սկզբունքներ։ Դավթյանը դատական հայց է ներկայացրել նաև այս կազմակերպության դեմ՝պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և օրենքով սահմանված վնասը վճարելու պահանջով: Նախնական դատական նիստ է նշանակված փետրվարի 18-ին: Արմինե Դավթյանը հավատում է, որ դատական գործընթացները կհանգուցալուծվեն իր օգտին:
«Իմ պատվի և արժանապատվության վրա ցեխ շպրտեցին ոչ կոմպետենտ մարդիկ: Գործը ցույց ենք տվել մի քանի տարբեր փաստաբանների, որևէ հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու, այն էլ՝ այդ հոդվածով: Զրպարտանք հանդիսացող նամակները անհեթեթություններ են, չփաստարկված վերլուծություններ են, որոնք որևէ հիմք չունեն: Ես տեսանյութում ո՛չ բռնություն եմ քարոզում, ո՛չ այն մեթոդներն եմ քարոզում, որը ինձ վերագրում են, ես ոչ մի մեթոդի անուն չեմ տալիս, ես ոչ մի երեխայի բռնության չեմ ենթարկել, ոչ մի նման դեպք չի եղել, նման բողոք չկա, ես ընդամենը օրինակ եմ բերում երեխային բռնելու, նստեցնելու, սիրելու, որը դիտարկում են էթիկայի նորմերի խախտում»,- ասաց Արմինե Դավթյանը:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս արձագանքել էր այս դեպքին՝ ասելով, որ տեսանյութում ակնհայտորեն ներկայացվում էին երեխաների նկատմամբ բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ էր անում: Դեպքի առթիվ հնչեցին բազմաթիվ հակասական կարծիքներ: