Բաժիններ՝

ՄԻՊ-ն արձագանքել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությամբ արձագանքել է սեպտեմբերի 16-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարություններ է անում: «Տեսանյութում ակնհայտորեն ներկայացվում են երեխաների նկատմամբ բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ է անում»,- ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարել երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ «Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ճնշումից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են երեխայի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը: Անթույլատրելի է նաև ցանկացած տեսակի այդպիսի պատիժ երեխայի նկատմամբ։ Սրանք երեխաների հիմնարար իրավունքներից են, որոնք նույն կերպ վերաբերում են նաև ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին։ ՀՀ օրենսդրությամբ այս գործողություններն արգելված են և առաջացնում են պատասխանատվություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս