Չինաստանում նավթի պահանջարկը 20 տոկոսով ընկել է կորոնավիրուսի տարածվելու պատճառով. Bloomberg
Չինաստանում նավթի պահանջարկն օրական երեք միլիոն բարելով կամ սպառման ընդհանուր ծավալի 20 տոկոսով ընկել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի ֆոնին: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էներգետիկական ոլորտի իրադրությանը ծանոթ աղբյուրներ։
Նշվում է, որ սա համաշխարհային շուկայում պահանջարկի խոշորագույն կրճատումն է 2008-2009 թվականների ճգնաժամից հետո եւ առավել հանկարծակին այն անկումից հետո, որը պայմանավորված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությամբ: Ներկայում Չինաստանը նավթի խոշորագույն ներմուծողն է, նա օրական սպառում էշուրջ 14 մլն բարել, ինչը հավասար է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միագումար պահանջարկին:
Չինաստանում պահանջարկի նվազմանըը կարող են արձագանքել ՕՊԷՔ-ի երկրներն ու նրանց դաշնակիցները, որոնք քննարկում են արտակարգ խորհրդակցություն գումարելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ՕՊԷՔ+ տեխնիկական կոմիտեն նիստը մարտ ամսից տեղափոխել է փետրվարի 4-5-ին: Bloomberg-ի տվյալներով՝ Brent մակնիշի նավթի գինն ավելի քան 10 տոկոսով ընկել է հունվարի 20-ից, երբ շուկաներն սկսել են արձագանքել այդ ճգնաժամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: