Բաժիններ՝

«Սխալ տեսակետը՝ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ, հուշում է, որ առարկայի դասավանդման անհրաժեշտությունն ունեցել են նաև այն քննարկման առարկա դարձրած անձինք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Հունվարի 25-ին Կապան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև հանրակրթական դպրոցներում Հայոց լեզու և Հայ եկեղեցու պատմություն առարկաների դասավանդմանը։ Ն. Փաշինյանի խոսքով՝ սխալ է Հայ եկեղեցու պատմություն առարկան տարանջատել հայ ժողովրդի պատմությունից և առանձին դասավանդել: «Մենք հիմա ասում ենք՝ գործ չունեք, դպրոցում ուրիշ բաներ կան, Հայ ժողովրդի պատմությունը եկեք բաժանենք մի քանի կտորների: Թող Հայ եկեղեցու պատմությունն առանձին  լինի, հայ ժողովրդի պատմությունը՝ առանձին: Պատկերացնո՞ւմ եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը, բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի  և պետության պատմությունից և առանձին դասավանդել: Սա ինչ է, եթե ոչ՝ քայքայիչ, ազգի ինքնության դեմ վարվող նեղ, մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կարծիքով՝ սխալ է Հայ եկեղեցու պատմություն առարկան ներառել Հայոց պատմություն առարկայի մեջ և միասին դասավանդել, քանի որ խորհրդային շրջանում հայ եկեղեցու պատմությունը հանիրավի կերպով աղավաղվել է, և այժմ այն ներառելով այս կամ այն առարկայի հետ՝ չի կարող ունենալ այն արդյունավետությունը, ինչ առանձին դասավանդման դեպքում։

«Նախ՝ խորհրդային շրջանում տպագրված դասագրքերի մեջ եկեղեցու դերը պատշաճ չի ներկայացվել, եկեղեցու տարիներ շարունակ ունեցած վաստակը մեր ժողովրդի կյանքում, թեկուզ վերջին 2000 տարվա ընթացքում, նենգափոխված է ներկայացված։ Աթեիզմի միջոցով այդ շրջանում եկեղեցու նկատմամբ ատելություն և թշնամանք է սերմանվել, որը խորապես նստած է մեր հասարակության, մասնավորապես՝ Խորհրդային շրջանում բարձրագույն կրթություն ստացած անձանց մոտ։ Երկրորդը՝ մենք ունենք Համաշխահային պատմություն, սակայն, երբ այդ առարկայի մասին դասագրքերը կազմել են, մենք պետականություն չենք ունեցել, և հայ ժողովրդի պատմությունն այնտեղ պատշաճ ներկայացված չէ։ Այնտեղ խոսք չկա Տիգրիս-Եփրատ գետի վերին հատվածում ապրող հայերի մասին։ Այդ պատճառով էլ այսօր մասնագետները փորձում են մեր ժողովրդի պատմության դասագրքերը ճիշտ պատրաստել, որպեսզի այդ շրջանի մեր պատմությունն էլ լավ արտացոլվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քահանա Բաղալյանը։

Նրա խոսքով՝ հասարակության լայն խավի ու մասնագետների պահանջն էր, որ  Հայ եկեղեցու պատմությունը ներառեցին դասագրքերում և դասավանդվեց հանրակրթական դպրոցներում։ Ավելին՝ այդ պահին էլ դպրոցներում առարկան ինքնուրույն դասավանդվելու անհրաժեշտություն ունի, քանի որ այն նուրբ առարկա է, որը լավագույնս պետք է մատուցվի։

Քահանան վստահ է, որ առարկայի ուսուցման մեծ պահանջարկ կա, և եթե հայ ժողովրդի պատմությունը լավ չուսուցանվի, որը ներառում է նաև եկեղեցու պատմությունը, ապա ազգը կարող է կանգնել ձուլման վտանգի առջև։

«Ինքս այնպիսի եկեղեցում եմ ծառայում, որտեղ մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը մոտավորապես 300-500 օտարազգի զբոսաշրջիկ է գալիս։ Երբ, օրինակ, կաթոլիկ կամ ուղղափառ խմբեր են լինում, փորձում են հարցնել մեր և իրենց եկեղեցու տարբերությունների մասին, նրանց ուղեկցող հայ գիդերից շատերը դժվարանում են բացատրել, դիմում են ինձ, որ օգնեմ։ Իրենք ազգային եկեղեցու մասին շատ քիչ գաղափար ունեն, փոխարենը՝ լավ գիտեն եկեղեցու քանդակագործության և ճարտարապետության պատմությունը, սակայն եկեղեցու դավանանքների տարբերության և այլնի մասին դժվարանում են։ Հիմա այդ ամենը մենք որտե՞ղ պետք  է սովորենք, եթե ոչ՝ դպրոցներում։

Այսօր կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք փակ են, մենք հիմա ոչ միայն պետք է եկեղեցու պատմությունը դասավանդենք, այլև մեր հնագույն եկեղեցիները պետք է վերականգնենք, հակառակ դեպքում կարող է լուրջ խնդիր առաջանալ։ Կարծում եմ՝ այս ամենը նաև այն կառույցների տեսակետն է, որոնք հետխորհրդային շրջանում մտել են Հայաստան, և, երբ ցանկանում են լքել Հայաստանը, օտարերկրյա դեպանություններում ներկայանում են, թե իբրև իրենց կրոնական իրավունքները Հայաստանում ոտնահարում են, իրենց հալածում են, պարտադրանքի ենթարկում, և այլն։ Իրավիճակը նենգափոխած՝ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման անհրաժեշտությունը ներկայացնում են՝ իբրև պարտադրանք, նման դեպքի նաև անձնապես եմ ականատես եղել»,- նշեց քահանան։

Տեր Վրթանես Բաղալյանի դիտարկմամբ՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում ամենասիրելի առարկաներից մեկն է, նման եզրահանգման է եկել բնակիչների, մասնավորապես՝ երիտասարդների ու պատանիների հետ ամենօրյա շփումների արդյունքում։ Մինչ առարկայի դպրոց մտնելը, եկեղեցու պատմությանը նրանք ծանոթանում էին կիրակնօրյա դպրոցներում, սակայն հասարակությունը հոգևոր գիտելիքների սով զգալով՝ պահանջ ներկայացրեց  Եկեղեցու պատմությունը տեղափոխել հանրակրթական դպրոցներ։

«Եկեղեցուն այսօր ավելի պակաս դեր է տրված, իրականում պետք է հակառակը լիներ։ Եթե այսօր Կառավարությունը և հարգարժան վարչապետը ցանկանում են որևէ գործ անել, ճիշտ կլինի, որ պետության բալանսի վրա եղած և դեռևս եկեղեցուն չվերադարձրած սրբավայրերի վերականգնմամբ զբաղվեն։ Այդ ոլորտը Անկախությունից հետո բարձիթողի վիճակում է։ Դրա փոխարեն՝ այսօր դրել քննարկում են՝ Եկեղեցու պատմություն առարկան պե՞տք է դասավանդել դպրոցներում, թե՞ ոչ, իհարկե արժե, մեր երեխաները դպրոցներում որքան  շատ բան սովորեն, այնքան լավ»,- ընդգծեց քահանան։

Նա կոչ արեց չտրվել սադրանքների, որոնք հրահրում են տարբեր կառույցներ, քանի որ նախկինում մարդիկ Հայաստանից գնալու համար բողոքում էին պետական կառույցներից, իսկ այսօր, երբ տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, չեն կարող այլևս պետական կառույցներին փնովել, ստիպված պետք է եկեղեցուց բողոքեն, իրենց ներկայացնեն՝ որպես կրոնական հալածյալներ, որպեսզի ստանան այս կամ այն երկիր գնալու թույլտվություն։

Քահանան նաև նկատեց. «Սխալ տեսակետը, որը կա Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ, մեզ հուշում է, որ այդ առարկայի դասավանդման անհրաժեշտությունն ունեցել են նաև այն քննարկման առարկա դարձրած անձինք, բայց իրենց չի դասավանդվել։ Վստահ եմ՝ խնդիրը 10 տարի հետո կլուծվի, երբ հասակ կառնի այն սերունդը, որն այսօր դպրոցներում սովորում է այդ առարկան, այդ սերունդը կորոշի՝ առարկան պե՞տք է, թե՞ ոչ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս