Բաժիններ՝

«Բոլորը պետք է կարողանան աշխատել, ոչ թե ինչ-որ մի «կուչկա», մոնոպոլիան պետք է դուրս գա». քաղաքաշինության դոկտոր

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով փոփոխություններ է առաջարկում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որը միանշանակ չի ընդունվում ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ճարտարապետների պալատի կողմից: Նրանք կարծում են, որ օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա:

Փոփոխությունների հեղինակներն առաջարկում են ներդնել առաջին, երկրորդ և երրորդ կարգի լիցենզիաների ձևեր և այդ լիցենզիաների տրամադրման իրավունքը վերապահել կոմիտեին:

Ճարտարապետների փոխանցմամբ՝ մինչև 2017 թվականը ճարտարապետներն ու կոնստրուկտորները դիմում էին Քաղաքաշինության կոմիտեի ստորաբաժանումներից մեկին, ստանում լիցենզիա, որը թույլ էր տալիս աշխատել, նախագծեր մշակել: Օրենքով, երբ որակավորման հանձնաժողովը մարդուն արտոնագիր է տալիս, 10 օրվա ընթացքում այն պետք է ստորագրեն, բայց այդպես չի արվել, մեկ ամիս պահել են Քաղաքաշինության կոմիտեում:

Ավելին, նրանք, ովքեր նախկինում ունեցել են լիցենզիա, ավտոմատ ստացել են արտոնագիր, իսկ նրանք, ովքեր չունեն, պետք է  թեստ, քննություն հանձնեն: Նրանք պնդում են՝ ցանկացած ճարտարապետ պետք է Ճարտարապետների պալատից արտոնագիր ստանա, որպեսզի իրավունք ունենա նախագծմամբ զբաղվել:  Մասնագետները կարևորում են գործող կարգերը կիրառելու կարևորությունը:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկել, որը կտանի ոլորտի ազատականացմանը:

«Ճարտարապետության ոլորտում մոնոպոլիա կա, հիմա կենտրոնանում են այդ մոնոպոլ մարդկանց շուրջ: Լիցենզիա կստանա նա, ով «իրենց մարդն է»: Այդպես եմ մտածում, որովհետև մինչև հիմա, եթե դուք նայեք, թե ճարտարապետությամբ ո՞վ է զբաղվել, մեծ օբյեկտների աշխատանքներն ովքե՞ր են արել, կտեսնեք, որ այդպես է: Ոլորտն ազատականացված չէ: Ազատականացումն այն է, որ լիցենզիա պետական մարմինն է տալիս և դա որոշվում է փորձաքննությամբ:

Օրինակ, Ֆրանսիայում 1.5 տարի երիտասարդները սովորում են, ստանում են սերտիֆիկատ, իսկ եթե հասուն ճարտարապետ է, տարիների փորձ ունի, այն ժամանակ գործերը տալիս է պետռեգիստր ու ավտոմատ ստանում է լիցենզիա: Կենտրոնացված համակարգ չէ դա, ավտոմատը շատ ճիշտ բան է, բոլորը պետք է կարողանան աշխատել, ոչ թե ինչ-որ մի «կուչկա»: Մոնոպոլիան պետք է դուրս գա»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս