«Նենգաբար խեղաթյուրվել է իմ կողմից տրված ցուցմունքը». Նարեկ Սամսոնյան

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության: Քննչական մարմինը քրեական գործ է հարուցել Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա՝ ընդունելով այն՝ որպես հաղորդում հանցագործության մասին: Գրառման մեջ քաղակտիվիստը, հղում անելով իր աղբյուրներին,  գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեխաներից մեկի համար պարբերաբար կգ-ը 3000 դոլարով սև խավիար է գնել ռեստորաններից մեկից:

Նրա խոսքով՝ հերթական անգամ, երբ Փաշինյանի թիկնապահները գնացել են խավիար գնելու, մենեջերին ասել են, որ այս անգամ կանխիկ չեն վճարելու, այլ փոխանցելու են գումարը, ինչին վերջինն արձագանքել է, որ այդ դեպքում գինը կդառնա կգ-ի դիմաց 5000 դոլար: Սամսոնյանի աղբյուրները պնդում են, որ վարչապետն իմացել է այդ մասին, բարկացել և որոշել է  ռեստորանին պատժել հարկային մարմինների միջոցով: Թե ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, Նարեկ Սամսոնյանը  չի մանրամասնում: Քաղակտիվիստին ՀՔԾ էին հրավիրել դեռ երեկ, սկզբում՝ հեռախոսով, ապա՝ գրավոր, սակայն Նարեկ Սամսոնյանը չէր ներկայացել, քանի որ, ըստ իր պնդումների, նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն չէր տրվել իրեն: Սամսոնյանը մինչև հարցաքննության մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վկայի կարգավիճակով համաձայն է համագործակցել ՀՔԾ-ի հետ, սակայն չբացառեց, որ ներսում գտնվելու ընթացքում իր կարգավիճակը կարող է փոխվել: Մոտ երեք ժամ տևած հարցաքննությունից հետո Սամսոնյանը դուրս եկավ և ասաց, որ ներսում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, այդ թվում՝ իր ցուցմունքների տակ.

«ՀՔԾ-ն հաստատեց իմ ունեցած գրեթե բոլոր տեղեկությունները: Հարցաքննությունը խայտառակ շրջադարձ ունեցավ վերջին րոպեներին: Քննիչի հարցերին ես տալիս էի շատ կոնկրետ պատասխաններ, իսկ նա պարտավոր էր արձանագրել իմ տված պատասխանը ցանկացած հարցի: Ինչ-որ պահի քննիչը դուրս եկավ սենյակից՝ 7-10 րոպե, ինչից հետո եկավ նոր հարցերով, նոր հարցերին տրվեցին այն պատասխանները, որոնք տրվել էին նախկինում, այսինքն՝ ավելացնելու որևէ բան չունեի և չավելացրի: Քննիչն ավարտեց հարցաքննությունը, ինչից հետո մենք վերցրինք, որ ծանոթանանք իմ ցուցմունքին, պարզվեց, որ քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխանները սկզբում՝ արձանագրել, հետո՝ մի մասը ջնջել, նոր տպել էր: Նենգաբար խեղաթյուրվել է իմ կողմից տրված ցուցմունքը»:

Սամսոնյանը պնդում է, որ ջնջված հատվածը վերաբերում էր իր վերաբերմունքին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և առհասարակ ՀՔԾ-ին: Վկան և փաստաբանը փորձել են ճշտել, թե ինչո՞ւ է քննիչը նման բան արել, բայց, իրենց խոսքով, բավարար պատասխան չեն ստացել: Նարեկ Սամսոնյանը վստահ է, որ գործը հարուցվել է ոչ թե որևէ մեկին պատժելու, այլ մարդկանց մեջ զգուշավորություն մտցնելու համար, որ հայտարարություններ անելուց առաջ երկար մտածեն:

«Սա քաղաքական հետապնդում է, որի հիմնական նպատակն է՝ ինձ մեկուսացնել որևէ ձևով, սահմանափակել իմ խոսքի ազատությունը, խութ գտնել և ինձ առաջադրել մեղադրանք: Քննիչը վերելակի մոտ ինձ սպառնաց, որ ինձ դատելու է, եթե կա մեղադրյալ, կգտնվի նաև հոդված»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Փաստաբան Սամվել Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի արածը քրեորեն պատժելի արարք է, իսկ թե իրենք ինչ ընթացք կտան տեղի ունեցածին, դեռ չեն որոշել.

«Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը վկային թույլ  է տալիս այնպիսի ցուցմունք տալ, որն ինքն է համարում ճշմարտացի: Որևէ մեկը չի կարող ուղղորդել՝ ո՛չ քննիչը, ո՛չ փաստաբանը, որ ձևակերպումները լինեն ինչ-որ մեկի սրտով: Սա պետք է բխի բացառապես վկայի ցուցմունքներից»,- ասաց փաստաբանը:

Մինչև հարցաքննության մտնելը Նարեկ Սամսոնյանն ասել էր, որ ուզում է սելֆի անել քննիչի հետ և գրիչ նվիրել նրան, երկու ցանկություններն էլ անկատար էին մնացել: ՀՔԾ մուտք գործելիս Սամսոնյանի հեռախոսը փորձել են վերցնել, չի հաջողվել, քանի որ նա հեռախոսը  հանձնել է փաստաբանին:

Տեսանյութեր

Լրահոս