«Ես անհանգստացած եմ այն քար լռությամբ, որ կա հայ հասարակության մեջ. Մադրիդյան սկզբունքները սեղանի վրա են». Լարիսա Ալավերդյան
«Հունվարի 28-ի այդ խայտառակ դրվագները, երբ երիտասարդներին բերման էին ենթարկում, բոլորս դա կապեցինք բանակի հանդեպ վերաբերմունքի հետ, բայց իրականում դա ավելի խորքային էր և արտաքին քաղաքականության հետ կապ ուներ, քանի որ դրան հաջորդեցին Մամեդյարով-Մնացականյան բանակցությունները: Մենք երեկ ամբողջովին զբաղված էինք հունվարի 28-ի խայտառակ դրվագներով, բայց իրականում ընթանում են կարևորագույն գործընթացներ, որի վրա, կարծես թե, ոչ ոք երեկ ուշադրություն չդարձրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ երեկ 7 ժամ տևած բանակցությունները, որոնք շարունակվելու են նաև այսօր, անհանգստացնող են. «Քանի որ ՀՀ ԱԳՆ-ից կամ այլ մարմիններից որևէ լուր չենք ստանում, ստիպված ենք ընթերցել այն, ինչ գրվում է Ադրբեջանի կամ այլոց կողմից: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել, այսպես կոչված՝ Արցախի ադրբեջանական համայնքի հետ: Դրանից առաջ էլ Կապանում վարչապետը վերհիշեց Արցախի հարցի լուծման բոլորիս հայտնի կետերը և ասաց, թե արդյո՞ք համաձայն է ժողովուրդը: Ժողովուրդը վաղուց ասել է, որ համաձայն չէ, նա պատերազմով, արյունով և խելքով ամեն ինչ պատասխանել է: Ես այստեղ շատ մեծ վտանգ եմ տեսնում. ես անհանգստացած եմ այն քար լռությամբ, որ կա հայ հասարակության մեջ, երբ ընթանում են վերին աստիճանի անհասկանալի ինտենսիվ բանակցություններ: Ինչի՞ մասին կարելի է 7 ժամ խոսել՝ բանակցություններ՝ բանակցությունների մասի՞ն»:
Լարիսա Ալավերդյանն այս համատեքստում հիշեցրեց տարածաշրջանի մեկ այլ իրողություն. «Իսրայելն ու ԱՄՆ-ը ո՞ւմ են ընտրում՝ որպես միջնորդ. Ադրբեջանին: Հայաստանը այս առումով դարձել է գավառական մի կետ, որտեղ տեղի են ունենում խայտառակ դրսևորումներ: Երկու ճակատով հիմա գնում է քայքայիչ գործունեություն, ինչպես ներքին միասնությանն է հարված հասցվում, այնպես էլ՝ արտաքինում տեղի են ունենում բաներ, որոնց մասին ամբողջովին անտեղյակ է հանրությունը: Ինձ դա շատ է անհանգստացնում: Մադրիդյան սկզբունքները սեղանի վրա են, պետք չէ հավատալ մանիպուլյատիվ հայտարարություններին: 2018թ. վերջին ՄԽ համանախագահները շատ կոշտ դրա մասին ասել են, որ սեղանի վրա դա է, և պատահական չեմ համարում, որ վարչապետը անդրադարձել է դրան»: