«Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ որևէ մեկը երբևիցե խոսակցություն չի ունեցել». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցում էր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Մինչ այդ  նա հանդիպել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանը պատասխանելով հարցին, թե ինչու է հանդիպել ԱԺ նախագահին, ասաց, որ երկար տարիներ է այցելում Ազգային ժողով, և որպես պաշտոնատար անձ՝ չի եղել որևէ այցելություն, որ չհանդիպի  խորհրդարանի նախագահի հետ։

«Որպես քաղաքավարության, բարեկրթության նորմ, խնդրեցի և այցելեցի ԱԺ նախագահին, մենք խոսեցինք այսօրվա իրադրության մասին։ Նրա հետ որևէ քաղաքական հարց չենք քննարկել, դա քաղաքավարության այցելություն էր»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին և լրագրողի հարցին՝ այդ պատերազմում իր համար կա՞ն չբացահայտված ու անհասկանալի դրվագներ, Սեյրան Օհանյանը բացասական պատասխան տվեց.

«ԱԺ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքով և որոշ չափով խորանալով՝ լրացրել է այն ամենը, ինչ եղել է այն ժամանակ։ Ապրիլյան պատերազմը եղել է 2016 թվականին, և ես այդ ամենով ամենօրյա ռեժիմով չեմ զբաղվել, որոշ բաներ իրենք ինձ հիշեցրեցին, որոշ բաներ ընթացքում իրար փոխլրացրեցինք։

Այդ ամենն էլ կհանգեցնի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին»,- նշեց Պաշտպանության նախկին նախարարը։

Անդրադառնալով խոսակցություններին և Կապանում վարչապետի հայտարարությանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, Սեյրան Օհանյանը նկատեց. «Նախկինում էլ արտահայտվել եմ, որ, եթե Արցախի հետ մի բան պատահի, ապա յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք։ Եվ այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, եթե խոսքն այդ փաստաթղթերի մասին է, ապա դրանք միայն ու միայն եղել են բանակցելու համար։ Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ որևէ մեկը երբևիցե խոսակցություն չի ունեցել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է իր և ներկայիս իշխանությունների հարաբերություններին, Սեյրան Օհանյանն ասաց, որ նրանք հայեր են, և ինչպե՞ս կարող է հայը հայի հետ վատ հարաբերություն ունենալ, իսկ նրանց հետ համագործակցությունը միայն քննիչ հանձնաժողովի շրջանակներում է։

Տեսանյութեր

Լրահոս