
ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում։
Վերջինիս տեղեկատվությամբ՝ պակասուրդը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կկազմի 4,6 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 5,4 տոկոս՝ հասնելով 1,3 տրիլիոն դոլարի: Բյուջետային վարչության մասնագետները նշում են, որ այն դեպքում, եթե կանխատեսումը հաստատվի, դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների պետբյուջեի պակասուրդի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը գերազանցի 4 տոկոսի նշագիծն ավելի քան հինգ տարվա ընթացքում: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առաջին տարիներին:
Վերջին անգամ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 1 տրիլիոն դոլարի է հասել 2012 թվականին: Իսկ առավելակետը եղել է 2009 թվականին, երբ այդ գումարը հասել է1,4 տրիլիոն դոլարի նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: