ՉԺՀ-ի իշխանությունները 43,5 մլն դոլար են հատկացրել Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Չինաստանի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) է հատկացրել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի կենտրոնական նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Նրա տվյալներով՝ կենտրոնական ֆինանսական բյուջեից արտակարգ դրամական օգնության տրամադրմանն արդեն հավանություն է տվել Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն: Միջոցները կուղղորդվեն թոքաբորբով ախտահարվածների համար երկու հիվանդանոցի կառուցմանը, ինչպես նաեւ հատուկ բժշկական սարքավորումների գնմանը:
Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել է 2,7 հազարը, մահացել է 80 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին: ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն ճշտել է, որ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 769-ով, ընդամենը երկրում հաստատված է 2794 ախտորոշում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: