««Արմաթն» ուզում են ժեշտ սարքել» Կարեն Վարդանյան

Ո՛չ դադարում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շուրջ բարձրացած աղմուկը, ո՛չ էլ հորիզոնում երևում է հարցի լուծումը: Հունվարի 23-ին՝ մինչ կառավարության նիստի մեկնարկը, խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսքն ուղղելով այն մարդկանց, որոնք կառավարությանը մեղադրում են խնդիրներ առաջացնելու համար: Նախ՝ երկար նախաբան, որն իր մեջ «Արմաթ»-ի գոյության ընթացքում դրա ֆինանսավորման պատմությունն էր ներառում, ապա՝ այն, ինչը ստիպել է այս աղմուկը բարձրացնել:

«Մենք մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում համակարգը, պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք, և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե ովքեր կառավարությանը տան բովանդակություն, գին, լավագույն առաջարկը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն:

Վերջում էլ առաջարկեց հրապարակել նախաբանում իր հնչեցրած թվերը, հետո «նոր էժան շահարկումների դաշտ մտնել»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ամբիոնից, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կրկին նախաբանից հետո, ասել էր, թե 2019 թվականի դեկտեմբերի վերջին է  հանդիպել լաբորատորիաների ներդրողների հետ, զրույցում ասել, որ կհանդիպեն հունվարի առաջին օրերին, կտեսնեն, թե ինչպիսին է այս ներդրման արդյունքը և արդյունավետությունը, ապա հետագա քայլերի մասին որոշումներ կկայացնեն:

ԿԳՍՄ նախարարը նաև ասել էր, որ այս կառավարության դեպքում «այդ խմբի շանտաժային բառապաշարը չի աշխատելու»:

168.am-ի հետ զրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հերքեց ԿԳՍՄ նախարարի ասածն այն մասին, թե պայմանավորվել են հանդիպել հունվարի առաջին օրերին ու հետագա քայլերի մասին որոշումներ կայացնել: Փոխարենը՝ հանդիպումից այլ բան հիշեց:

«Մենք առաջարկել ենք, ասել՝ եթե Դուք ասում եք, որ բոլոր դպրոցներում պետք է լաբորատորիա լինի, տարվա սկզբին պետք է գումարը տրամադրեք, որպեսզի մենք բոլոր մատակարարումները անենք, ասացի՝ եթե Դուք իսկապես ուզում եք, Ձեր խոսքը բռնում է գործի հետ, ուրեմն պետք է հունվարից անենք: Իսկ եթե դուք մնացորդային ձևով եք տալու, ոնց որ անցած տարի եք տվել, ապա մենք  300 հատից ավել չենք կարող անել: Ասել եմ՝ 2 սցենար կա, պետք է պատասխանեք: Եվ հետո նաև համապատասխան նամակ եմ ուղարկել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ դրանից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, նամակ է ստացել նախարարից, որում նշված է եղել՝ ««Արմաթ»-ի հարցը կքննարկենք 2021 թվականի բյուջեի շրջանակում»:

«Իրականությունն այդ է: Ինքն ինչ ասես՝ կարող է խոսել, քաղաքական գործիչ է»,- ասաց Կ. Վարդանյանը՝ հավելելով, թե մինչ օրս նախարարությունից էլ  իրենց ասած հունվարի առաջին կեսի հանդիպման մասին  նորություն չկա դեռ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը նշեց՝ այն, որ նախարարը խոսում է 707 դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի գոյության մասին, սխալ է: 707-ը այս պահին գործող լաբորատորիաների խմբավարների թիվն է, ու որպեսզի այդ մարդիկ աշխատավարձ ստանան, այս օրերին  արդեն իսկ պետք է նախարարության հետ պայմանագիր ստորագրվի, քանի որ նախարարությունն իր վրա է վերցրել «Արմաթ» լաբորատորիաների աշխատակիցների աշխատավարձերի վճարման պարտականությունը:

Վարդանյանին այս իրավիճակը հիշեցնում է նախորդ՝ 2019 թվականը, երբ, ինչպես ինքն է ասում, գործին չտիրապետելու պատճառով մարդիկ 3 ամիս աշխատավարձ չստացան:

«Այն, որ բյուջեում նախատեսված է, դա շատ քիչ բան է նշանակում: Գործին չտիրապետելու պատճառով անցած տարի 300 խմբակավարի աշխատավարձ չտվեցի: Հիմա էլի նույն պատմությունն է: Անգործության պատճառով պրոբլեմներ են առաջանում, հետո նախարարը փորձում է ինչ-որ տեքստերով դա լուծել»,- ասաց Կարեն Վարդանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ կրթական պրոցեսը լաբորատորիա չէ: Ասում է, թե շատ դպրոցներում հազարավոր ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի լաբորատորիաներ են տեղադրվել նախկին նախագահի եղբոր կողմից, բայց այդ առարկաների զարգացում չենք տեսնում, «որովհետև մեխանիկական պրոցես է գնացել, ժեշտը տարել են, թափել են դպրոցներում, ու վերջ: Հիմա նույնն ուզում են անել «Արմաթի» նկատմամբ՝ «Արմաթը» սարքելով ժեշտ»:

Վարդանյանի խոսքով՝ «Արմաթ»-ը «Արմաթ» կդառնա այն ժամանակ, երբ խմբավարները անցնեն անհրաժեշտ վերապատրաստումներ, երբ կազմակերպվեն ճամբարներ, մարզային ու հանրապետական մրցույթներ:

«Առաջ մենք մեզնով մի կերպ արել ենք, բայց երբ պետությունը վերցրել է և ասել է՝ «սա իմ ծրագիրն է», ակնկալել ենք, որ պետությունը պետք է մասնակցի: Խնդիրն այս է՝ կա՛մ պետությունը պատասխանատվություն վերցնում է այս ծրագրի համար, կա՛մ չի վերցնում: Դա պարզ կդառնա մոտ օրերս, ու եթե պայմանագիր չկնքեն, դա կնշանակի, որ այդ գումարը էլի հերթական ձևականությունն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր նման խոսելաոճը սպառնալիք կամ շանտաժ չէ:

«Եթե սպառնում եմ, թող քրեական գործ բացի: Կա ՀՔԾ, սպառնալիքը քրեական հանցագործություն է, թող դիմի, քրեական գործ բացի: Տարել-մտցրել եմ իրեն անկյո՞ւնը, ծեծե՞լ եմ, ի՞նչ եմ արել, որ սպառնացել եմ, ո՞նց եմ սպառնացել: Տղամարդու նման խոսելը նշանակում է սպառնա՞լ: Լավ, մյուս անգամ կանացի կխոսեմ»,- զրույցը եզրափակելով՝ ասաց Կարեն Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս