«Խոսքը ծրագիրը շարունակելու ձևի մասին է». ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման մասին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորման կրճատման լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցն Ազգային ժողովում բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով 2018 թվականին իրենց քննարկումը՝  2018 թվականի բյուջեով «Արմաթ»-ին պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու ու Արայիկ Հարությունյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման ավելացման  պատրաստակամության մասին:

«Ի՞նչն է փոխվել, որ այս փուլում խնդիր է առաջացել ծրագրի շարունակականության ու հետագա իրականացման հետ կապված, ի՞նչն է խնդիրը, և ինչո՞ւ է փոխվում կառավարության քաղաքականությունը»,- նախարարին հարց ուղղեց Գ. Գորգիսյանը:

Նախարարը, կարծես պատգամավորից վիրավորված, մինչև պատասխանելն ասաց, թե ավելի լավ կլիներ, որ Գորգիսյանն այս հարցին անդրադառնար մինչև ֆեյսբուքյան լայվը. ժամանակ չէր կորցնի:

Նախարարն ամենայն հավանականությամբ  նկատի ուներ bRight Talk ձևաչափի շրջանակներում Գևորգ Գորգիսյանի և  Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի զրույցը, որի ժամանակ բարձրացվել էր «Արմաթի» ֆինանսավորման կրճատման հարցը:

Հարությունյանը պատասխանը սկսեց պատմական ակնարկով: 2018 թվականի մայիսին, երբ դարձել էր նախարար, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատակիցների աշխատավարձերի համար նախատեսված տարվա բյուջեն կազմում էր 126 միլիոն 900 հազար դրամ: Նշանակվելուց հետո նախարարը պարզել է, որ այդ բյուջեն քիչ է, և այդ նույն տարում շուրջ 50%-ով ավելացրել է բյուջեն: Այնուհետև, իր խոսքով, գրեթե 100%-ով ավելացրել են 2019 թվականի բյուջեն՝ 180 միլիոնից դարձնելով 352 միլիոն 200 հազար դրամ: 2020 թվականի համար բյուջեն  ավելացել է 85-90%-ով՝ կազմելով 671 միլիոն 740 հազար դրամ, որը նախատեսված է 707 լաբորատորիայի համար:

«Մեր քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվել, պարոն Գորգիսյան: Ես չգիտեմ՝ ո՞ւմ քաղաքականության մեջ է ինչ-որ բան փոխվել, բայց մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Երբևէ կառավարությունը ներդրման պատմության ընթացքում, բացի աշխատավարձերից, գումար չի հատկացրել այս ինժեներական լաբորատորիաներին: Բայց անցած տարի մենք նախատեսեցինք և հատկացրեցինք բյուջեի լրացուցիչ եկամուտներից 834 միլիոն դրամ, և ներդրվեց 284 նոր լաբորատորիա՝ ոչ թե 2, այլ 3 մարզում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Թեմայով բարձրացված աղմուկը Արայիկ Հարությունյանի համար անհասկանալի է: Ասում է՝  նորություն չկա: Ինքը 2019 թվականի դեկտեմբերի վերջին է  հանդիպել լաբորատորիաների ներդրողների հետ, զրույցում ասել, որ կհանդիպեն հունվարի առաջին օրերին, կտեսնեն, թե ինչպիսին է այս ներդրման արդյունքը և արդյունավետությունը, ապա հետագա քայլերի մասին որոշումներ կկայացնեն:

«Վերջում մի նախադասություն ասացիք, որ այդ ամբողջը փչացրեց: Ասում եք՝ «դե, հլը տեսնենք՝ էս ամենը ինչքան է գործելու արդյունավետ, նոր որոշում կայացնենք»: Միգուցե Ձեր այս նախադասությո՞ւնն է, որ այս մարդկանց տարակուսանքի մեջ է գցել, ու չեն հասկանում՝ դուք շարունակո՞ւմ եք, թե՞ դեռ պետք է մտածեք, հաշվարկներ անեք»,- Հարությունյանի խոսքին հակադարձելով՝ ասաց Գևորգ Գորգիսյանը:

«Խոսքը ոչ թե ծրագրի շարունակման, այլ շարունակման ձևի մասին է, և այդ շարունակությունը ենթադրում է համապատասխան գործիքների կիրառում՝ մրցակցային դաշտ ստեղծելով: Ֆիքսենք, որ «Արմաթը» լավագույն նախագիծն է, բայց դա պետք է լինի մրցակցության միջոցով»,- խոսքն ավարտելով՝ ասաց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս