Գեղարքունիքում 239 նպաստառու ընտանիքներ օգտվել են սոցիալական աջակցության հատուկ ծրագրից

Գեղարքունիքի մարզի 239 նպաստառու ընտանիքներ նախորդ տարվա ընթացքում օգտվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, Գեղարքունիքի  մարզպետարանը, հաշվի առնելով ծրագրի իրականացման սեղմ ժամկետները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների միջոցով 2019 թվականի նոյեմբերի վերջին տասնօրյակում մարզի գյուղական համայնքներում 239 նպաստառու ընտանիքների հետ կնքել է համաձայնագրեր եւ դրանք ուղղորդել համապատասխան զբաղվածության տարածքային կենտրոններ՝ անասնատեսակի եւ անասնակերի գնման գործընթացն իրականացնելու նպատակով:

Արդյունքում՝ մինչեւ 2019 թվականի ավարտը մարզի գյուղական համայնքների 239 նպաստառու ընտանիքներ (Մարտունու  տարածաշրջանում՝ 120 ընտանիք, Վարդենիսի տարածաշրջանում՝ 40 ընտանիք, Գավառի  տարածաշրջանում՝ 39 ընտանիք, Սեւանի  տարածաշրջանում՝ 24 ընտանիք, Ճամբարակի  տարածաշրջանում՝ 16 ընտանիք) պետության կողմից ձեռք են բերել  մեկ հղի երինջ կամ հղի կով (առավելագույնը՝ 350 հազար դրամ), անասնակերի միանվագ փոխհատուցում (առավելագույնը 230 հազար դրամ) եւ գումար անասնապահական աշխատանքների կատարման համար (նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական՝ ներառյալ բոլոր հարկերն ու վճարները):

Համապատասխան գյուղական համայնքի անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով աշխատանքների իրականացման համար տրվում է գումար նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ բոլոր հարկերն ու վճարները: «Ծրագրի իրականացմամբ ընտրված ծայրահեղ աղքատ ընտանիքները, զբաղվածություն ունենալու հետ մեկտեղ, կթեթեւացնեն աղքատության բեռը, միաժամանակ իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորություն կունենան: Նախապատվությունը տրվել է այն ընտանիքներին, որոնք ունեն անասնագոմ, անասնապահության ոլորտում աշխատելու փորձ, բավարար աշխատուժ: Կարծում եմ, առաջիկա մեկ տարում արդեն նկատելի կլինեն ծրագրի դրական ազդեցության արդյունքները»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս