«Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է». Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպման մասին
Կապանում հրավիրված ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «փետրվարին Մյունխենում կայանալու է անվտանգության հարցերով միջազգային համաժողով, որին Դուք մասնակցելու եք, մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը, արդյոք պլանավորվա՞ծ է հանդիպում Իլհամ Ալիևի հետ»: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը նշեց, որ այս պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա:
«Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է: Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ որ ԱՊՀ հավաք էր, այնտեղ էլ ենք մենք շփվել: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում: Այսինքն՝ եթե լինի առիթ խոսելու, քննարկելու, ես կարծում եմ՝ դա վնասակար չի, դա օգտակար է»,- նշեց նա:
Հակադարձմանը, թե կա՞ն այսօր բանակցություններ, և եթե այո, ապա ինչի՞ շուրջ են դրանք ընթանում, Փաշինյանն արձագանքեց. «Սիրելի լրագրողներ, դուք բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում ինչ եմ քննարկում Իլյհամ Ալիևի հետ, ինչ եմ խոսում: Դա նկարագրված է, ձևակերպված 2019-ի մարտին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ-ի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը:
Այդ շրջանակի մասին էինք խոսում մենք հիմա: Այս պահին որևէ թուղթ սեղանին, որ մենք քննարկենք, չկա: Եվ մենք պետք է աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար: Բայց այս շրջանը պետք է շատ արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար: Հիմա արդյունավե՞տ ենք օգտագործել, ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Պատճառներից մեկն այն է, որ, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն՝ իմ այն հայտարարությանն ի պատասխան, թե Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա, եթե այսօր հայեցակարգային մակարդակով արտահայտվենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Բայց մեր դիրքորոշումը կառուցողական է, որ պետք է կարգավորել Ղարաբաղի հարցը, կարգավորել այն հայեցակարգի և սկզբունքների շրջանակում, ինչն ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում, ինչպես նաև մեր նախկինում հռչակած սկզբունքների: Մենք պատրաստ ենք կառուցողական, նորմալ աշխատանքի, ինչքան էլ հասկանում և գիտակցում ենք, թե դա որքան բարդ և դժվար աշխատանք է»:
Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում է ինքը՝ ՀՀ վարչապետը, Արցախի նախագահը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչի մասին ասել է իր գործընկերներին:
«Սա անձնապես, բայց ինչ-որ առումով՝ ընդհանուր պատասխանատվություն է: Եվ դա կրելն և դրա տակից պատվով դուրս գալը չափազանց դժվար գործ է»,- ամփոփեց Փաշինյանը: